
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ապատեղեկատվական հոսքերն Արցախի շուրջ։ Անհայտ ծագմամբ տելեգրամյան ալիքը այսօր մեկը մյուսի հետևից տեղեկություններ է տարածել, թե իբր Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը համաձայնել են Ադրբեջանին հանձնել Կարմիր Շուկայով դեպի Շուշի տանող ճանապարհը։ Շրջանառվում է նաև տեղեկություն՝ Արցախի ԱԳՆ-ի հնարավոր լուծարման մասին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով լուրերին, հերքում է տարածել.
«Ում խելքին ինչ փչում է կամ ում նեղ անձնական շահերն ինչ թելադրում են, այն էլ ասում է՝ առանց մտածելու, որ դրանով հանցավոր կերպով խաղում է Արցախի ճակատագրի ու ժողովրդի նյարդերի հետ:
Մասնավորապես, մեկը գրում է, թե իբր բանակն ու արտաքին գործերի նախարարությունն ենք կազմալուծելու, մյուսը՝ իբր Կարմիր շուկա – Շուշի ճանապարհից ենք հրաժարվելու, երրորդը՝ իբր ադրբեջանական դրոշ ենք դնելու Ստեփանակերտում, և այլն, և այլն:
Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին: Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց»-ասված է ԱՀ նախագահի տարածած հայտարարության մեջ:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել