
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ներկայացնում է շաբաթվա ընթացքում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները:
1. Հրանտ Բագրատյանի պնդումներն ու փաստերը
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 5-րդ ալիքի եթերում ունեցած հարցազրույցում կատարել է մի շարք՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ։
- Հայաստանում չի բնակվում Հնդկաստանի՝ 37 000 քաղաքացի
Նրա խոսքերով՝ Հայաստանից մեկնող հայերի քանակը չի նվազել, այլ ընդհակառակը՝ աճել է, ուղղակի տեղի է ունեցել «replacement». հայերը փոխարինվել են հնդիկներով։ Ըստ Բագրատյանի՝ 2019թ-ի առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 35 000 հայ և այդ նույն ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 37 000 հնդիկ։ Մինչդեռ 2016-ին Հայաստանում հնդիկներ չկային։
Պնդումը, թե 2016-ին Հայաստանում հնդիկներ չեն եղել, ճիշտ չէ։ Պաշտոնական տվյալներով՝ 2016-ին Հայաստան է ժամանել Հնդկաստանի՝ 4278 քաղաքացի։ Խոսելով 2019 թվականին Հայաստանից մեկնած 35 000 քաղաքացիների և ժամանած 37 000 հնդիկների մասին, Հ. Բագրատյանը չի նշել, թե այդ նույն ժամանակահատվածում Հնդկաստանի քանի քաղաքացի է մեկնել Հայաստանից։ Համադրելով Ոստիկանության՝ 2019թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հնդկաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման իրական ցուցանիշները, կտեսնենք, որ գրանցվել է վիզայի տրամադրման 37 000 դեպք, մինչդեռ մոտ 35 000 հնդիկ էլ մեկնել է երկրից (Հայաստանում բնակվում են նաև բուհերում սովորող Հնդկաստանի քաղաքացիները՝ մոտ 3000 ուսանող)։ Սա նշանակում է, որ Հայաստանում չի կարող բնակվել 37 000 հնդիկ։
- Քաղցկեղային հիվանդություների կտրուկ աճ չի եղել
Խոսելով ներկրվող մեքենաների մասին՝ Հ. Բագրատյանը նշում է, որ դրա արդյունքում ունենք քաղցկեղային հիվանդությունների կտրուկ աճ։ Մինչդեռ պաշտոնական աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քաղցկեղային հիվանդությունների կտրուկ աճ Հայաստանում բնավ չի գրանցվել։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ 2018 թվականի համար քաղցկեղային հիվանդությունների քանակը Հայաստանում 8441 է, ինչը ավելին է, քան նախորդ տարիներին, բայց ոչ մի կերպ չի կարելի բնությագրել՝ որպես հիվանդության տարածման կտրուկ աճ։
- Որոտան-Արփա թունելային ջրատարը երբևէ չի շահագործվել
ՀՀ նախկին վարչապետը, խոսելով Որոտան-Արփա թունելի մասին, նշում է, որ 2018/19-ին թունելով ոչ մի խորանարդ մետր ջուր չի գնացել՝ դա վերագրելով ներկայիս կառավարության անգործությանը: Ջրային կոմիտեն, սակայն, հայտնում է, որ ջրատարը, շինարարության ավարտից հետո երբևէ չի շահագործվել, այնտեղ ոչ միայն 2018-19-ին, այլև երբևէ ջուր չի տեղափոխել։
Առավել մանրամասն՝ այստեղ:
2. «Ալկո Իմպորտ Էքսպորտ»-ը թույլ տված իրավախախտումների համար ենթարկվել է պատասխանատվության
Մամուլում շրջանառվում էր տեղեկություն, թե «ՌԴ կառավարությունը Հայաստանի կառավարության դեմ բողոք է ներկայացրել»՝ խոշոր գործարարի իրավախախտ գործունեություննների պատճառով։ Նշվում էր, թե իշխանությունները չեն նկատում «Ալկո Իմպորտ Էքսպորտ»-ի կողմից կատարվող իրավախախտումները, ինչի արդյունքում Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը դիմել է ՀՀ ՊԵԿ:
Այս առիթով ՏՄՊՊՀ-ն տեղեկացրեց, որ դեռևս 2019 թվականի օգոստոսի 9-ին ՊԵԿ-ի կոմիտեից ստացված գրության հիման վրա վարչական վարույթ է հարուցել «Ալկո Իմպորտ Էքսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեմ և հոկտեմբերի 22-ի որոշմամբ «Օմսկվինպրոմ» ընկերության հեղինակային իրավունքները խախտելու, մասնավորապես` ընկերությանը պատկանող «ПЯТЬ ОЗЕР» և «БЕЛАЯ БЕРЕЗКА» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող օղիներ արտադրելու և իրացնելու համար 16 207 000 դրամ տուգանք է կիրառել՝ որպես պատասխանատվության միջոց:
3. Հարկային և մաքսային ծառայողների՝ զենք կրելու իրավունքը նոր կանոնակարգ չէ
Վերջերս ՊԵԿ-ը հանրային քննարկման էր ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է մաքսային և հարկային ծառայություններում զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային և հարկային ծառայողների պաշտոնների ցանկը, օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ծառայողներին զենքով և ռազմամթերքով ապահովելու, պահելու, կրելու և օգտագործելու կարգը։ Այս կապակցությամբ կառույցը սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից ենթարկվեց քննադատության։ Հարց էր առաջացել, թե ինչու է ՊԵԿ-ն առաջարկում կառավարության որոշման նախագիծ, որով սահմանվում է նաև զենք կրելու իրավունք։
ՊԵԿ-ն այս առիթով հայտնեց, որ կառավարության որոշման նախագիծը իրավական նոր կանոնակարգում չէ: Հարկային ծառայողներին զենք տրամադրելու, զենքը պահելու, կրելու և օգտագործելու իրավունքը սահմանված է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով, իսկ մաքսային ծառայողների դեպքում՝ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով, որոնք սկսել են գործել համապատասխանաբար 2002 և 2008 թվականներին:
Հանրային քննարկման դրված նախագիծը պարզապես նպատակ ուներ վերոնշյալ հարաբերությունները հստակեցնել և համապատասխանեցնել գործող կարգավորումներին:
Առավել մանրամասն՝ այստեղ:
4. Արամյանցի տան վերականգնումը երկարաձգվել է՝ հուշարձանի գրավադրված լինելու պատճառով
Lրատվականներից մեկը գրել էր, որ Ախթալայում գտնվող թիֆլիսահայ մեծանուն գործարար, բարերար Միքայել Արամյանցի՝ 1898 թվականին կառուցված տունը, օր օրի փլուզվում է, իսկ պատասխանատու կառույցը՝ ԿԳՄՍ նախարարությունը, փաստացի ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկում խնդրի լուծման ուղղությամբ։
ԿԳՄՍ նախարարությունը այս առիթով հայտնեց, որ գործընթացի տևական լինելը կապված է եղել տան սեփականատիրոջ կողմից՝ հուշարձանը գրավ դնելու հետ։ Գրավադրումից դուրս գալուց հետո սեփականատերը, համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 36 և 37 հոդվածների, պարտավոր էր լիազորված մարմնին նախապես տեղեկացնել հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի, դրա պահպանման և օգտագործման պայմանների փոփոխման, իսկ տվյալ դեպքում՝ գրավադրումից ազատված լինելու մասին։ Սակայն չստանալով որևէ ինֆորմացիա սեփականատիրոջից՝ տան կարգավիճակի մասին՝ ԿԳՄՍ-ն դեռ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին, հուշարձանի կարգավիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով, հարցում էր ուղարկել «Արդշինբանկ»։ Բանկը, հղում կատարելով «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին, չէր տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն։ Նախարարությունը Կադաստրի կոմիտեից տեղեկացել էր, որ գրավադրումից ազատվելու մասին տեղեկությունը պաշտոնապես գրանցվել է 2019 թվականի մայիսին։ Իսկ հուշարձանի ու դրա տարածքի չափագրման, շուկայական գնահատման գործընթացներից հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ հուշարձանի վերականգնմանը, պահպանության ապահովմանը և օգտագործմանը:
Առավել մանրամասն՝ այստեղ:
5. Անդրանիկ Քոչարյանի որդին ուսումնական փուլի ավարտից հետո հիմնական ծառայության է անցնելու Արցախի ՊԲ-ում
Շաբաթվա ավարտին լրատվականներից մեկը տեղեկություն էր տարածել, թե ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Վազգեն Քոչարյանը, առանց ավելորդ աղմուկի Արցախից տեղափոխվել է Հայաստան և հիմա ծառայությունը շարունակում է Լուսակերտի զորամասում։ Լրատվամիջոցը, հղում անելով պատգամավորի ֆեյսբուքյան գրառմանը, նշել էր, թե Քոչարյանի որդու՝ Արցախում ծառայելու հանգամանքը պարզապես գովազդային արշավ էր։
Պաշտպանության նախարարությունը, սակայն, հայտնեց, որ Վազգեն Քոչարյանը՝ Անդրանիկ Քոչարյանի որդին, իր հիմնական ծառայությունն անցնելու է Արցախի ՊԲ զորամասերերից մեկում։ Սույն թվականի հուլիսի 25-ին Քոչարյանը զորակոչվել է բանակ։ Նա, որպես բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող, զորակոչվելուց հետո ուսումնական փուլն անցնում է Լուսակերտի զորամասում, որից հետո՝ 2020 թվականի հունվարի 10-ին, կանցնի ծառայության Արցախի ՊԲ զորամասերերից մեկում։
Լուսակերտի ուսումնական զորամասում, ինչպես հայտնի է, զինվորները 6 ամիս շարունակ ձեռք են բերում ռազմական մասնագիտություն՝ նախքան հիմնական ծառայության անցնելը.
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել