
Օրերս Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման էր ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է մաքսային և հարկային ծառայություններում զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային և հարկային ծառայողների պաշտոնների ցանկը, օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ծառայողներին զենքով և ռազմամթերքով ապահովելու (տրամադրելու), պահելու, կրելու և օգտագործելու կարգը։ Այս կապակցությամբ կառույցը սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից ենթարկվեց քննադատության։ Հարց էր առաջացել, թե ինչու է ՊԵԿ-ն առաջարկում կառավարության որոշման նախագիծ, որով սահմանվում է նաև զենք կրելու իրավունք։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մաքսային և հարկային մարմիններում զենք կրելու, պահելու, օգտագործելու և զենքին առնչվող այլ հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որոշման նախագիծը իրավական նոր կանոնակարգում չէ: Հարկային ծառայողներին զենք տրամադրելու, զենքը պահելու, կրելու և օգտագործելու իրավունքը սահմանված է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով, իսկ մաքսային ծառայողների դեպքում՝ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով, որոնք սկսել են գործել համապատասխանաբար 2002 և 2008 թվականներին:
Հանրային քննարկման դրված նախագիծը պարզապես նպատակ ուներ վերոնշյալ հարաբերությունները հստակեցնել և համապատասխանեցնել գործող կարգավորումներին:
Ներկայում հիշյալ հարաբերությունները կանոնակարգվում են համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 1-ի թիվ 656» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի թիվ 201-Ն» որոշումներով, որոնց ընդունումը բխում է հարկային և մաքսային ծառայություններին վերաբերող օրենքների պահանջներից, որոնց դրույթները զենքի և ռազմամթերքի մասով կա՛մ ուժը կորցրած են ճանաչվել, կա՛մ փոփոխվել և լրացվել են:
Հաշվի առնելով նաև այն, որ ՊԵԿ-ը հարկային և մաքսային ծառայությունները ներառող մարմին է, անհրաժեշտություն է առաջացել հարաբերությունները կարգավորել միասնական ակտով: Այդ պատճառով ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու խնդիր էր առաջացել։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել