
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությունները շարունակվում են։ Դրանք առավել ակտիվորեն տարածվում են Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով։
Քիչ առաջ օգտատերերից մեկը գրել էր, թե Աբովյան քաղաքում արձանագրվել է վարակման առաջին դեպքը։ Վերջինիս խոսքերով՝ Իտալիայից եկած տարեց քաղաքացու մոտ արդեն իսկ ախտորոշվել է կորոնավիրուս և որ վերջինս մեկուսացված է։
Տեղեկատվության ստուգման կենտրոնի հետ զրույցում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) հայտնեց, որ Աբովյանում գտնվել է ոչ թե Իտալիայի, այլ Բելգիայի Հանրապետությունից ժամանած քաղաքացի, որը առողջական խնդիրների պատճառով դիմել էր Աբովյանի ԲԿ։
Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանը Infocheck.am-ի հետ զրույցում նշեց, որ տվյալ անձն ունեցել է ջերմություն և հազ: Լրացուցիչ ստուգումների համար նրան տեղափոխել են Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ, անհրաժեշտության դեպքում, վերջինս կանցնի տեստավորում։ Սակայն տեղեկությունը, թե նրա մոտ արդեն իսկ հայտնաբերվել է կորոնավիրուս, կեղծ է։
Կորոնավիրուսի մասին տարածվող կեղծ լուրերի հերքումներին կարող եք ծանոթանալ Տեղեկատվության ստուգման կենտրոնի COVID-19 բաժնում։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել