1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    • 09-02-2020
    Image

    Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է շաբաթվա ընթացքում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները:
     

    1. Երևան-Նուր-Սուլթան ավիափոխադրումների դադարը կրում է սեզոնային բնույթ

    Փետրվարի 3-ին լրատվամիջոցներից մեկը անդրադառնալով Երևան-Նուր-Սուլթան ավիափոխադրումների ժամանակավոր դադարեցմանը՝ գրել էր, թե դա կապված է Հայաստանից Ղազախստան արտահանած մեծ թվով մեքենաների հետ, և որ չվերթների դադարեցումը պատասխան է Հայաստանի իշխանությանը։

    Հարկ է նշել, որ Երևան-Նուր-Սուլթան ավիափոխադրումները դադարեցված չեն, այլ կասեցված՝ հունվարի 21-ից մինչև ապրիլի 14-ը ներառյալ: Այս մասին  «SCAT» ավիաընկերությանը հայտարարել էր դեռևս սույն թվականի հունվարի 16-ին։
     
    Չվերթների կասեցումը որևէ կերպ չի առնչվում նյութի հեղինակի վկայակոչած իրադարձությունների հետ։ Ավելին, նախորդ տարի ևս Երևան-Նուր-Սուլթան ուղիղ չվերթները ժամանակավորապես դադարեցվել էին: Սա ընդամենը  պայմանավորված է տվյալ սեզոնին ուղևորների փոքր քանկով։

     

    2. Մահացած զինծառայողի հարազատների բողոքի ակցիայի ժամանակ ոչ ոք բերման չի ենթարկվել

    Օրերս ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի ծնողները՝ չհավատալով, որ իրենց որդին ինքնասպանություն է գործել, հրաժարվում էին հուղարկավորել նրա դին, մինչև չպարզվեին բոլոր հանգամանքները։ Որպես բողոքի նշան՝ զինվորի դին հարազատները ցանկանում էին բերել Երևան։

    Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկատվություն էին տարածել, թե իբր զոհված զինծառայողի հարազատներին ոստիկաններն իրենց գործողությունների ժամանակ բերման են ենթարկել՝ նրանց «զսպելու» համար:
    Ոստիկանությունից, սակայն,  հերքեցին այս տեղեկությունը, նշելով, որ ոչ ոք բերման չի ենթարկվել:

     

    3. Հերթական կեղծ տեղեկությունները՝ Պետական պահպանության ծառայության և վարչապետի ընտանիքի մասին

    Ինչպես գրեթե  ամեն շաբաթ, այս շաբաթ ևս մամուլում շրջանառվեցին կեղծ լուրեր, կապված վարչապետի ընտանիքի պահպանության և դրա վրա ծախսվող գումարների մասին: Հարկ է նշել, որ նույնաբովանդակ կեղծ լուրերը հիմնականում տարածվում են նույն՝ «Politik.am»  լրատվական կայքի կողմից:

     

    Վարչապետի որդին չունի ո՛չ ծառայողական ավտոմեքենա, և ո՛չ էլ թիկնապահներ

    Շաբաթվա սկզբին վերոնշյալ կայքը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, որն այժմ իր պարտադիր զինվորական ծառայությունն է անցնում Արցախում, հիմնվելով «սեփական աղբյուրներին»՝ գրել էր, թե վարչապետի որդին զինվորական ծառայության ընթացքում շրջում է թիկնապահներով և որ վերջինիս անվտանգությունը ապահովում է Պետական պահպանության ծառայությունը։
     

    ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Տեղեկատվության ստուգման կենետրոնին հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ծառայում է հայկական բանակում նույն պայմաններում՝ ինչ մյուս ժամկետային զինծառայողները: Պետական պահպանության ծառայության որևէ ավտոմեքենա չի սպասարկում Աշոտ Փաշինյանին։

     

     Ապատեղեկատվություն Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի անվտանգության համար նախատեսված միջոցների մասին


    Նույն լրատվականը փետրվարի 7-ին մեկ այլ տեղեկատվություն էր տարածել, թե իբր պետական միջոցներից տարեկան 200 մլն դրամ է հատկացվում Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի անվտանգության համար: Ինչպես նախորդ, այս տեղեկությունը ևս իրականության հետ որևէ աղերս չունի: Այս մասին ևս տեղեկացանք Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
     
    Ավելի վաղ՝ 2019թ դեկտեմբերի 19-ին, վարչապետն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձ էր կատարել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համապատասխան հոդվածներին և ներկայացրել իր ընտանիքի անվտանգության ապահովման հետ կապված բոլոր հիմնավորումները:
     
    Հարկ է նշել նաև, որ այս տեղեկությունները, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, ընդգրկված են գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում, հետևաբար նույն օրենքի համաձայն դասվում են պետական և ծառայողական գաղտնիքի շարքին, ուստի այլ մանրամասներ հրապարակել չենք կարող::


    4. ՔԿ հայտարարությունը՝ ապատեղեկատվության տարածման պատճառ

    Փետրվարի 5-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ մի զորակոչիկի մեղադրանք է առաջադրվել` բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու համար: Հաղորդագրության մեջ նշվել էր միայն նշյալ զորակոչիկի անվան և ազգանվան առաջին տառերը, որոնք համընկնում էին Առաքել Մովսիսյանի որդու անվան ու ազգանվան առաջին տառերի հետ (Դավիթ Մովսիսյան): Քանի որ նախկին պատգամավորի որդին գտնվում էր հանրության և լրատվականների ուշադրության կենտրոնում, որոշ լրատվականներ տարածված ՔԿ հաղորդագրությունը վերագրեցին հենց նրան՝ տեղեկացնելով իբր վերջինիս նոր մեղադրանք է առաջադրվել:

    Արդյունքում՝ ապատեղեկատվություն տարածվեց:

    ՔԿ-ն հատուկ հայտարարությամբ հանդես եկավ, հայտնելով, որ հիշյալ գործով մեղադրյալ ներգրավված անձը Առաքել Մովսիսյանի որդին չէ:


    5. Դպրոցների ֆինանսավորումը չի նվազել

    «Ժամանակ» թերթն իր համարներից մեկում գրել էր, թե «մոտ 20 տոկոսով պակասեցվել է դպրոցների ֆինանսավորումը»: Հոդվածագրի մեկնաբանությամբ՝ դպրոցների տնօրենները ստիպված պետք է կրճատեն ուսուցիչներին՝ նման ֆինանսավորման պայմաններում դպրոցի գոյությունը պահպանելու համար։
     
    ԿԳՄՍ նախարարությունից արձագանքեցին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, նշելով, որ որևէ դպրոցի ֆինանսավորում չի նվազել, այլ, ընդհակառակը, ավելացել է ոչ միայն նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված, այլև այն դպրոցներում, որտեղ ուսուցչի 1 դրույքի դիմաց վճարը ցածր է եղել 108.8 հազար դրամից, այն բարձրացել է և հավասարվել 108.8 հազար դրամի՝ պահպանելով դրանից բարձր փաստացի դրույքաչափը:

    6.Դատախազության պատասխանը՝  Արթուր Վանեցյանի կողմից բարձրաձայնած հայտարարությանը՝ Միհրան Պողոսյանի երկիրը լքելու վերաբերյալ

    ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թերթերի խմբագիրների հետ ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Միհրան Պողոսյանի քրեական գործն ԱԱԾ-ն առաջարկել էր վերաբացել, սակայն Դատախազությունից այն հետ էին ուղարկել ԱԱԾ, որից հետո Միհրան Պողոսյանը հեռացավ Հայաստանից:

    Գլխավոր դատախազությունից պատասխանելով Արթուր Վանեցյանի կողմից հնչեցված այն հարցադրումներին, թե ինչո՞ւ Միհրան Պողոսյանը մեկնեց, կամ ո՞վ նրան տեղեկացրեց, նշել են, որ վերջինս ՀՀ տարածքը լքել է այն ժամանակահատվածում, երբ քրեական գործը դեռևս գտնվում էր ԱԱԾ-ում և, որ Արթուր Վանեցյանը շուրջ մեկ տարի, որպես ՀՀ ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ուներ այդ հարցերի բացահայտման համար անհրաժեշտ ողջ գործիքակազմը և այդպիսի պաշտոնեական պարտականություն, սակայն դրանք չեն բացահայտվել:


    7.  Կորոնավիրուսը՝ կեղծ լուրերի աղբյուր

    Կեղծ լուրերը նոր կորոնավիրուսի մասին տարածվում են վիրուսից արագ։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը նախորդ շաբաթ ներկայացրել էր, թե ինչ ապատեղեկատվություններ են հայտնվել այս ընթացքում խորհրդավոր վիրուսի մասին, սկայն ինչպես և կանխատեսել էինք՝ այս շաբաթը ևս զերծ չէր թեմայի շուրջ ապատեղեկատվություններից:

         Բանանը՝ վարակի փոխանցման աղբյուր

    Վերջին օրերի ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվություններ էին տարածվում նաև այն մասին, թե նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի, այլ մրգերի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով:

    Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և սերտ շփման ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ Չինաստանում՝ նաև կենդանիներից մարդուն:

    Ինչ վերաբերվում է մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա պահպանվելով հարուցիչ փոխանցմանը, նշենք, որ այն չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր:

     

      Հայաստանում Կորոնավիրուսի որևէ գրանցված դեպք չկա

    Լրատվականներից մեկը տեղեկություն էր ստացել, որ Հայաստան են ժամանել ջերմող 11 հիվանդ, որոնց Կորոնավիրուսի ախտանիշներով օդանավակայանից տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց, որից հետո հիվանդանոցը այդ մարդկանց որպիսության մասին ինֆոմացիա չի տրամադրել: Այսպես տպավորություն ստեղծելով, որ հիվանդանոցի խորհրդավոր լռությունը պայմանավորված է վիրուսի՝ Հայաստան ներթափանցելու հետ:

     

    Այս առնչությամբ Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ օդանավակայանից հոսպիտալացված 12 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուս չի հայտնաբերվել: Իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական:

    Հետևաբար, Կորոնավիրուսի որևէ դեպք այս պահի դրությամբ հայաստանում գրանցված չկա:
    Ընդհանուր առմամբ կատարվել է 20 հետազոտություն, բոլորը բացասական արդյունքներով։

     

     

    Հայաստան Շաբաթվա ամփոփում Ապատեղեկատվություն Կորոնավիրուս

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Վերջին շրջանում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները

    Վերջին շրջանում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկու...

    • 2019-12-21
    Image

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    • 2020-03-07
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14