«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ներկայացնում է շաբաթվա ընթացքում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները:
1. Արցախում Սերգեյ Լավրովի և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում չի նախատեսվել
Դեկտեմբերի 4-ին կայացած ԱԺ նիստում՝ ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրը, թե դեկտեմբերի 1-ին իր այցը Արցախ հատուկ է կազմակերպված եղել՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպում կազմակերպելու համար։
Վարչապետը իր խոսքում նշեց, որ Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Բաքու որևէ կապ չի կարող ունենալ իր՝ Արցախ կատարած այցի հետ։
Ըստ վարչապետի՝ Լավրովի այցը Բաքու ծրագրված է եղել վաղուց։ Փաշինյանի մեկնումը նախատեսված է եղել ուղաթիռով, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների արդյունքում հանդիպման օրը հետաձգվել է, իսկ այցը՝ նախատեսված մեկ օրվա փոխարեն, տևել է երկու օր։
2. Աբու Դաբիի թագաժառանգը երբևէ չի այցելել Հայաստան
Դեկտեմբերի 3-ին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարելու, սակայն Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել:
Մինչդեռ Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը հայտնեց, որ Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը երբևէ չի այցելել Հայաստան։
2019 թվականի ամռանը Հայաստանում գտնվել է ԱՄԷ-ի նախագահի որդին` շեյխ Սուլտան բին Խալիֆա Ալ-նահյանը, որը, սակայն, չի հանդիսանում Աբու Դաբիի թագաժառանգը։
3. Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի խոսակցության գաղտնալսման գործով որևէ անձ չի ձերբակալվել
Դեկտեմբերի 5-ին Politik.am լրատվական կայքը «Վանեցյանին և Խաչատրյանին գաղտնալսած անձը ձերբակալվել է․ նա ՌԴ քաղաքացի է» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, թե գաղտնալսում իրականացրած անձը ԱԱԾ-ի կողմից ամիսներ առաջ ձերբակալվել է, սակայն իշխանությունը թաքուն է պահում այդ լուրը։
Արձագանքելով այս տեղեկատվությանը՝ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքի առթիվ քննվող գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: Ինչպես նաև քրեական գործով որևէ անձ չի ձերբակալվել:
4. Իտալացի մրցավար Պիերլուիջի Կոլինան Հայաստանից երեխա չի որդեգրել
Շաբաթվա վերջում մի շարք լրատվականներ գրել էին, թե աշխարհահռչակ իտալացի մրցավար Պիերլուիջի Կոլինան ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ հայ երեխա է որդեգրել։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 15-ին հայտարարել էր՝ օտարերկրացիների կողմից բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքերի բացահայտման մասին։ Ըստ լրատվականների՝ սա այդ դեպքերից մեկն էր։
Արդարադատության նախարարությունը, սակայն, հերքեց այս լուրը՝ նշելով, որ Իտալիայի Հանրապետության կենտրոնական մարմնից, որն իրականացնում է օտարերկրյա որդեգրումների գործառույթը, երբևէ չի ստացել դիմում Պյեռլուիջի Կոլինայի կողմից՝ երեխա որդեգրելու մտադրությամբ: Առհասարակ, Պյեռլուիջի Կոլինա անուն-ազգանունով Իտալիայի որևէ քաղաքացի չի որդեգրել Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեխա:
5. Պարզաբանում՝ «ՖլայՄի» ընկերության հայտարարությունների վերաբերյալ
Կառավարության` սեպտեմբերի 12 որոշման համաձայն` 45 մլն դրամ ֆինանսավորում էր հատկացվել «Ավիաուսումնական կենտրոնին»՝ ուսանողների թռիչքային պատրաստվածության դասընթացների ձեռքբերման համար։ Նոյեմբերի 18-ին մեկնարկած գնման գործընթացը, սակայն, «ՖլայՄի» ընկերության կողմից բողոքարկվել էր:
Ավելի ուշ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում ընկերության ներկայացուցիչները ներկայացնում էին մրցույթի բողոքարկման հիմքերն ու գնման գործընթացում առկա իրավախախտումները:
Իրենց կողմից ներկայացված պնդումներն ու այդ պնդումների պարզաբանումները՝ ստորև:
- Գնման ընթացակարգը կազմկերպվել է իրավական խախտումներով և հայտարարվել է հապճեպորեն, որպեսզի «Ֆլայմիի» մասնակցությունը անհնար լինի
«Ավիաուսումնական կենտրոնի» ներկայիս տնօրեն Գեղամ Խաչատրյանը այս կապակցությամբ հայտնեց, որ մրցույթը չէր կարող ավելի ուշ հայտարարվել, քանի որ նախատեսվող 201 թռիչքաժամի իրականացումը կդառնար անհնարին։ Ինչ վերաբերվում է մրցույթը «հապճեպ» կազմակերպելուն` Խաչատրյանը նշեց, որ մրցույթը հայտարարվել է Կառավարության որոշումից 50 օր անց։ Այս փաստի առկայությամբ մրցույթի հայտարարումը «հապճեպ» որակելն անհիմն է:
- Ուսումնական կենտրոնը պահանջել է հավաստագրեր, այնինչ դրա իրավունքը չուներ
Համաձայն կառավարության` դեռևս 2009 թվականին ընդունած կանոնակարգի՝ երկրում գործող ավիաընկերությունները պարտավորվում են համապատասխանել միջազգային մի շարք չափանիշների եւ ունենալ հավաստագրեր։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ «ՖլայՄի» ընկերությունը չունի առևտրային գործունեությամբ զբաղվելու համար պարտադիր առևտրային որակավորման, և դրան համապատասխան CAMO (Թռիչքային Պիտանիության Շարունակական Կառավարման Ձեռնարկության), ինչպես նաև Տեխնիկական սպասարկման համապատասխան (Part M, Sub. F կամ Part.145) սերտիֆիկատները:
- «ՖլայՄի»-ի կողմից ներկայացրած ավիացիոն անվտանգության ապահովման փաստաթուղթը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի գրանցել ընդամենը մի քանի տառասխալների հիմքով
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ «ՖլայՄի» ընկերության կողմից ներկայացված փաստաթղթում առկա են եղել ոչ միայն ուղղագրական, այլև բովանդակային սխալներ, որոնց մասին ներկայացուցիչները չեն խոսել հարցազրույցում։
- Վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը այս գնման գործընթացում անձնական շահագրգռվածության է ունեցել ու այլ ընկերության շահեր է սպասարկել
«Ավիաուսումնական կենտրոնի» տնօրեն Գեղամ Խաչատրյանի փոխանցմամբ՝ մրցույթի մասնակցության հրավերներ են ուղարկվել թվով 5 կազմակերպությունների, որոնցից ոչ մեկը՝ բացառությամբ «ՖլայՄի» ընկերության, մրցույթին մասնակցելու նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Ուստի այս գործընթացում չկար որևէ այլ կազմակերպություն, որի շահերը վարչապետի խորհրդականը կարող էր պաշտպանել:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել