
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ներկայացնում է ընթացող շաբաթվա ընթացքում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները:
1. ԱԳՆ-ն պետհամարանիշներ չունի և չի վերահսկում «ARM» սերիայի մեքենաների շարժն՝ այցի ծրագրից դուրս
Մամուլն անդրադարձավ Կրթության տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի պետ Լիլիթ Մաթևոսյանին՝ նշելով, թե վերջինս աշխատանքի է գնում դիվանագիտական պետհամարանիշներով մեքենայով։
Լրատվամիջոցը հաղորդում էր, որ «ԱԳՆ պետհամարանիշներով մեքենան նրան ամեն օր բերում է աշխատանքի և կայանում հենց տեսչության բակում», ինչն էլ նշանակում է, որ նոր Հայաստանում արտոնյալներ կան։
Տարածվող լուրին հաջորդեց ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության հայտարարությունը. «ՀՀ ԱԳՆ-ն պետհամարանիշ չունի։ Եթե խոսքը «ARM» սերիայի պետհամարանիշների մասին է, ապա դրանք Հայաստանում օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվող միջոցառումների ժամանակ տրվում են ավտոմեքենաների վարձակալությունն ապահովող ընկերությանը՝ միջոցառման անցկացման համար վարձակալված բոլոր ավտոմեքենաների համար։
ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայությունից այդ մեքենաների շարժն այցի ծրագրից դուրս չի վերահսկում»։
2. Դավիթ Տոնոյանը չի ազատվել պաշտպանության նախարարի պաշտոնից
Հոկտեմբերի 9-ին լրատվամիջոցներն անանուն տեղեկություն էին շրջանառում, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և որոշում է կայացվել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Լրատվականների աղբյուներների փոխանցմամաբ՝ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել էր նախագահ Արմեն Սարգսյանին:
Տարածվող այս տեղեկությունը հերքվեց մի քանի գերատեսչությունների կողմից։
Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի՝ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հայտնել էին, որ նման որոշում այս պահին նախագահականում չկա։
Ապա հայտնի դարձավ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի պատասխանը. Վերջինս հայտնել էր, որ նման որոշման մասին տեղեկություն չունի. «ես աշխատում եմ, այս պահին էլ աշխատավայրում եմ»։
Լրագրողների հետ զրույցում հարցին անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ Դավիթ Տոնոյանի՝ աշխատանքից հեռացման մասին լուրերն անհեթեթ են։
3. Մսամթերք արտադրող որևէ ընկերություն չի ահազանգել ՏՄՊՊՀ՝ վաճառքի 25-30%-ից բացի այլ գանձում իրականացնելու համար
«Փաստ» թերթը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ «սուպերմարկետների ցանցերը որոշել են վաճառքի 25-30%-ից և սուպերմարկետում տեղի գումարից բացի, այլ բոնուսների տեսքով աշխատողների աշխատավարձերը ևս գանձել մսամթերք արտադրողներից, ինչն առաջացրել է վերջիններիս դժգոհությունը»:
Միաժամանակ լրատվամիջոցը նշել էր, թե «Աթենք» մսամթերք արտադրող ընկերությունը վերոնշյալի մասին ահազանգել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, սակայն հանձնաժողովը որևէ քայլ չի ձեռնարկել խնդրի լուծման համար:
Այս առիթով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնեց, որ մինչ այս պահը մսամթերք արտադրող որևէ ընկերությունից՝ այդ թվում «Աթենք» ընկերությունից, նման խնդրի վերաբերյալ ահազանգ չի ստացվել: Բացի դրանից, գերատեսչությունը կապ էր հաստատել ընկերության գործադիր տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի հետ, որը նույնպես հերքել է այդ տեղեկությունը:
4. Կաշառքի փաստով հարուցված քրեական գործը չի կասեցվել
Հոկտեմբերի 3-ին «Ժամանակ» թերթում հրապարակվել էր «Քրգործը «ջրվել է» Մաշադյանի մտերիմ՝ Տրամվի պարկի Գոջիի տղայի միջամտությամբ» վերտառությամբ հոդված։ Այնտեղ, մասնավորապես, նշվում էր, որ օրերս ԱԱԾ-ի կողմից բացահայտվել էր ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Առաքելյանի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք։
«… Կոնկրետ ընկերությունում թույլ տրված խախտումները չարձանագրելու, ստուգումներ չիրականացնելու համար միլիոն դրամ կաշառք էր ստացել: ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել, երկու անձի մեղադրանք էր առաջադրվել, նրանք ձերբակալվել էին»,- նշված էր նյութում։
Սակայն, ըստ լրատվականի աղբյուրների, քրեական գործն արդեն «ջրվել է», իսկ մեղավորները՝ ազատության մեջ են։
Ապատեղեկատվություն պարունակող այս հոդվածի կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված թույլատրելի և հավաստի ապացույցների համակցությամբ կաշառք տված ընկերության տնօրենը և կաշառք ստացող պաշտոնատար անձը ձերբակալվել են՝ որպես կասկածյալ հարցաքննվելիս, տվել են խոստովանական ցուցմունքներ, որոնք հետագայում պնդել են նաև առերես հարցաքննության ընթացքում:
Գերատեսչությունը նշել էր, որ կատարած առերևույթ հանցավոր արարքների համար վերջիններիս, ինչպես նաև կաշառքի միջնորդին առաջադրվել են մեղադրանքներ, իսկ որպես խափանման միջոց, հաշվի առնելով դրսևորված վարքագիծը և ընտանեական դրությունը, կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ տնտեսվարող սուբյեկտի կողմից սպառողներին խաբելու հանգամանքը և պետությանը պատճառված վնասը հստակ հաշվարկելու համար, իսկ դատավարության որևէ մասնակցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում չի կայացվել։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել