«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ամփոփում է շաբաթվա ընթացքում մամուլում հայտվնած խնդրահարույց և կեղծ տեղեկությունները։
Կեղծ պնդումների շարք՝ Առողջապահության նախարարության վերաբերյալ
Անցնող շաբաթը դեռ չէր հասցրել ավարտվել, երբ մեդիադաշտում մի շարք կեղծ տեղեկություններ տարածվեցին Առողջապահության նախարարության վերաբերյալ։
Օգոստոսի 9-ին ԶԼՄ-ներում տարատեսակ մեկնաբանություններ հայտնվեցին այն մասին, թե Ուռուցքաբանության ազգային կենտրոնը արդեն իսկ ենթարկվում է Առողջապահության նախարարությանը։ Նման մտորումների առիթ, թերևս, հանդիսացել էր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում Արսեն Թորոսյանի զեկույցը՝ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելու վերաբերյալ։
Ի պատասխան այս մեկնաբանությունների՝ նախարար Արսեն Թորոսյանը հանդես եկավ պարզաբանմամբ՝ նշելով, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը դեռևս չի ենթարկվում Առողջապահության նախարարությանը։ Այն այս պահին Պետական գույքի կառավարման կոմիտեին ենթակա մարմին է, քանի որ գտնվում էր մասնավորեցվող բուժհաստատությունների ցանկում։
Մասնավորեցման ցանկից կենտրոնը դուրս բերելու իրավական գործընթացը նախարարությունը նախաձեռնել է մեկ տարի առաջ։ Նպատակը՝ նախարարության կողմից կենտրոնում առկա խնդիրներով և զարգացումներով անմիջականորեն զբաղվելու լիցենզիայի ստացումն էր։
Թեպետ դեռ հունիս ամսին Ազգային ժողովը դրական քվեարկությամբ օրենքի փոփոխությունը ընդունել է, սակայն կենտրոնի վերադարձի գործընթացը դեռ չի ավարտվել և ԱՆ-ն լիազորված չէ այդ կենտրոնի կառավարումը իրականացնելու հարցում։
Օգոստոսի 10-ին լրատվականներից մեկում տեղադրվել էր «Նոր ինտրիգներ Իջևանի ԲԿ-ի տնօրենի դատական գործի շուրջ. ինչո՞ւ է շտապել նախարարությունը» վերտառությամբ հոդված, որում անդրադարձ էր կատարվել Իջևան ԲԿ-ի նախկին տնօրեն Ռուզաննա Գրիգորյանին պաշտոնից ազատելու հանգամանքին։ Լրատվամիջոցը մեջբերել էր վերջինիս խոսքերն այն մասին, թե օգոստոսի 1-ին Առողջապահության նախարարության կայքում տեղադրվել է Իջևանի ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի հայտարարություն, մինչդեռ դատարանի վճիռը դեռ չէր եղել։
Թեմային անդրադարձավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ հայտնելով, որ նախարարությունը լիազորություն չունի մարզային կառույցի որևէ պաշտոնի համար մրցույթ հայտարարելու։
«Եթե կայքը հրապարակումից առաջ փորձեր տեղեկատվությունը նախարարությունից ճշտել, ապա, հղում անելով պաշտոնական կայքին, պարզ կդառնար, որ մրցույթը հայտարարել է մարզպետարանը, ոչ թե նախարարությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Ալինա Նիկողոսյանը։
Օգոստոսի 11-ին Առողջապահության նախարարության մասին տարածվեց թվով երրորդ ապատեղեկատվությունը։ 168.am կայքում տպագրված «Շուրջ 10 մլն դրամ դուրս կգրվի նախարարի ընկերոջ «կուրացիայի» համար» վերտառությամբ նյութում տեղ էին գտել մի շարք չճշգրտված ինֆորմացիաներ։
Լրատվամիջոցը դիմել էր նախարարությանը՝ էներգոաուդիտի անցկացման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։ Հարցմանն ի պատասխան՝ նախարարությունը հայտնել էր՝ «Էներգոաուդիտն այս պահին արվում է ենթակա 10 հիմնարկներում։ Այն իրականացնում է «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» պետական հիմնադրամը։ Իրականացվում է մեկ անձով գնում, քանի որ գումարը մեկ միլիոնից պակաս է»։
Նյութում տեղ գտած մնացած տեղեկատվությունները անհիմն էին և նախարարության կողմից չհաստատված։
Հոդվածում նշված էր, թե աուդիտն իրականացնում է նախարարի ընկերը՝ Գևորգ Սիմոնյանը, որը զբաղեցնում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնը։ Նախարարությունն այս առիթով կրկին հայտնում է, որ էնորգոաուդիտն իրականացնում է «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» պետական հիմնադրամը։
Ինչ վերաբերում է «փոխարենը՝ նախարարությունում փողային հարցերը կուրացիա է անում դրսից վստահորդ մեկը, որի առավելությունը, թերևս, նախարարի հետ մտերմիկ կապն է, ուրիշ ոչինչ» մտքին, ապա պետք է նշել, որ ֆինանսական բոլոր հարցերով զբաղվում են միայն նախարարությունում դրա լիազորությունն ունեցող պաշտոնատար անձինք։
Պնդումը, թե էներգոաուդիտը հիմնականում անցկացվում է անվճար, նույնպես կեղծ է։ Նախարարությունն առաջարկում է լրատվամիջոցին նշել, թե ով է պատրաստ անվճար կատարել այդ հսկայական աշխատանքը կամ պարզապես սին հայտարարություններ չանել։
Վաղ կենսաթոշակի անցնելու` առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը
Օգոստոսի 9-ին Արդարադատության նախարարությունը հրապարակել էր օրենքի նախագիծ, որով նախատեսվում է սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել։
Նախագծի՝ «Անցումային և եզրափակիչ դրույթներ» հատվածը նախատեսում է 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ, անկախ տարիքից, պահպանել հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները։
Նախագծի այս հատվածը մի շարք լրատվականներում որակվեց՝ որպես իշանության կողմից հերթական միջամտություն դատական համակարգի գործունեությանը։ Մասնավորապես ասվում էր, թե այդ կերպ իշխանությունը նպատակ է հետապնդում կաշառել Սահմանադրական դատարանի դատավորներին։
Հաշվի առնելով օրենքի նախագծի շուրջ ծավալված այս քննարկումները՝ Արդարադատության նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ` նշելով, որ վաղ կենսաթոշակի անցնելու` առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը։ Այդ եզրահանգումը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ՋԻ ԲԻ-ն և այլոք ընդդեմ Հունգարիայի գործով կայացված վճռի վրա։
Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորները որոշակի ժամանակահատվածում հրաժարական ներկայացնելու դեպքում կպահպանեն հրաժարականի պահին իրենց ունեցած աշխատավարձը և այլ սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո կօգտվեն դատավորի համար օրենքով սահմանված կենսաթոշակից։
Նախարարությունը նշում էր, որ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու պրակտիկան կիրառվել է տարբեր երկրներում։ Վերջին տարիներին ամենաշատը քննարկված այդպիսի նախաձեռնություններից են Հունգարիայի 2011-2012 թվականների և Լեհաստանի 2017-2018 թվականների համապատասխան օրենսդրական գործընթացները: Մասնավորապես, Հունգարիայում 2011 թվականին ընդունված օրենքի համաձայն դատավորների և դատախազների կենսաթոշակի անցնելու տարիքը 70-ից փոխվեց 62-ի՝ նրանց 70-ի փոխարեն կենսաթոշակի ուղարկելով 62-ում:
Ավելի մասնրամասն՝ այստեղ։
Քաղավիացիան «Պոբեդայի» կողմից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու համար որևէ հայտ չի ստացել
Օգոստոսի 13-ին լրատվամիջոցներում հայտնվեց լուր այն մասին, թե Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը խոչընդոտում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը չվերթ կատարել դեպի Երևան։
Այս կապակցությամբ Կոմիտեն հայտնեց, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու համար որևէ հայտ չի ստացել:
«ՌԴ ավիացիոն իշխանություններից դիվանագիտական ուղիներով չի ստացվել նաև ավիաընկերության նշանակումը Ռուսաստանի որևէ քաղաքից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու վերաբերյալ։
Ավելին` Կոմիտեն մինչ այս պահը չի ստացել որևէ պաշտոնական գրություն ավիաընկերությունից 2019 թվականի ձմեռային նավիգացիոն շրջանում չվերթներ չիրականացնելու վերաբերյալ»,- նշված էր հայտարարությունում։
Ադրբեջանական մամուլի տարածած ապատեղեկատվությունը՝ Արայիկ Ղազարյանի վնասվածքների վերաբերյալ
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել էր զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանը:
Ադրբեջանական մամուլում տարածվել էին լուսանկարներ, որոնցում երևում էին ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի մարմնին առկա վնասվածքները։ Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիները ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ:
Հայաստանի Քննչական կոմիտեն, անդրադառնալով այդ լուրերին, հայտնեց, որ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 12.08.2019թ.-ի ժամը 10:30-ի դրությամբ, մինչ Ա.Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը, գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում Ա.Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել:
Ինչ վերաբերում է նրա ձախ ձեռքի ցուցամատի վրա առկա վնասվածքին, ապա 24.07.2019թ.-ին Ա.Ղազարյանը զորամասից ուղեգրվել է Մարտունու զինհոսպիտալ, որտեղ տեղային անզգայացումով կատարվել է ձախ ձեռքի 2-րդ մատի կոշտուկի հեռացում, ինչի մասին արձանագրված է զինհոսպիտալի ամբուլատոր հիվանդների հաշվառման մատյանի մեջ, ինչպես նաև, այդ մասին գրառում է կատարվել Ա.Ղազարյանի բուժգրքույկում:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել