
Մամուլում տարածվող (https://goo.gl/a5xZCa) լուրերը, թե 2019 թվականի հուլիսի 1-ից աղբահանության համար բնակիչներից գանձվող գումարի գինը բարձրանալու է, չեն համապատասխանում իրականությանը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի 2018-ի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած արտահերթ նիստի արդյունքում որոշում է կայացվել բարձրացնել տեղական հարկերն ու տուրքերը։ Դա, սակայն, վերաբերում է խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին։ Մինչև 115 մլն շրջանառություն ունեցողների դրույքաչափերը չեն ավելացվել։
Ինչ վերաբերում է բնակիչներից գանձվող վճարի բարձրացմանը՝ հայտնում ենք, որ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում (https://www.arlis.am/) նշված է՝ օրացուցային տարվա համար ավագանու սահմանած տեղական տուրքի դրույքաչափերը փոփոխության չեն կարող ենթարկվել։ Սա նշանակում է, որ Երևանի քաղաքապետարանը լիազորված չէ և չի կարող բյուջեի հաստատումից հետո բարձրացնել աղբահանության գումարը, որովհետև այն հաստատվել է ողջ տարվա համար։ Տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ: Այսպիսով, հայտնում ենք, որ բնակչության համար աղբահանության վճարը այս տարի չի բարձրանալու։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել