
Մամուլում այսօր հրապարակվել է «Նախարարի հորդորը՝ հետազոտություններ մի արեք» գլխագրով հոդված, որում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։
Նշվում է, որ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մի քանի առիթով ասել է, թե Ամուլսարի հանքում միջազգային փորձաքննության կարիք ծագեց, քանի որ նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները բավարար կարողություններ չունեն՝ գնահատելու ազդեցությունները:
Նախ նշենք, որ Բնապահպանության նախարարությունը վերոնշյալ փորձաքննությունը չի իրականացնում ու որևէ գնահատական այս առիթով չի հնչեցրել։ Ամուլսարի հանքի պարագայում Քննչական կոմիտեի կողմից հարուցված է քրեական գործ՝ բնապահպանական տեղեկատվություն թաքցնելու առիթով։ Փորձաքննությունն իրականացվում է քրեական գործի շրջանակում, նախարարությունն այդ գործընթացի հետ որևէ առնչություն չունի։
Բնապահպանության նախարարությունը որևէ հանքի շահագործման վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն չի տվել, և որևէ մեկի եզրակացությունը ուժը կորցրած չի համարել՝ առանց բավարար իրավական հիմքերի։
Օրինակ՝ թվով 34 հանքերի մասով հայտնաբերվել են անհամապատասխանություններ, այդ ցանկը ուղարկվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն։ Մյուս հանքերի պարագայում (Թեղուտ, Ամուլսար, Զանգեզուր և այլն) որևէ մեկի փորձաքննությունը ուժը կորցրած չի ճանաչվել, սակայն նշվել է, որ փորձաքննական համակարգը բավարար չէ՝ գնահատում իրականացնելու համար։
Հրապարակման մեջ մեղադրանք է հնչեցվում նախարարությանը՝ երկակի ստանդարտներ ունենալու համար․ «Ամուլսարի ազդեցությունները գնահատելու բավարար կարողություններ չունեն, ինչպե՞ս են գնահատում այլ հանքերի գործունեությունը»: Այս դիտարկմանն ի պատասխան՝ պետք է կրկին նշել, որ ո՛չ նախարարությունը, և ո՛չ էլ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ամուլսարին չեն զրկել ընդերքօգտագործման իրավունքից։ Այս գործով Քննչական կոմիտեի կողմից հարուցված է քրեական գործ, որով զբաղվում են ներգրավված մասնագետները։ Աշխատանքներին մասնակցում են նաև տեղական բազմաթիվ մասնագետներ՝ կենսաբաններ, երկրաբաններ։
Սրանից բացի, հեղինակը պնդում է, թե կառավարությունը հպարտությամբ հայտարարում է Թեղուտի հանքի վերագործարկման մասին, որի թույլտվությունը նույնպես տվել են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի նշած «բավարար կարողություններ չունեցող գործընկերները»։
Այս առիթով պետք է փաստել, որ Թեղուտի գործունեության թույլտվությունը տրվել է 2006 թվականին, իսկ Ամուլսարինը՝ 2009-ին, 2012-ին, 2014 և 2016-ին։ Ներկայիս կառավարությունը մետաղական հանքի բացման որևէ թույլտվություն չի տվել։
Հոդվածագիրը եզրակացություն է անում, որ կառավարությունը պատժում է «կազմակերպություններին՝ մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարելու համար, մինչդեռ Բնապահպանության նախարարությունը հանդես է եկել օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով։ Նախագիծը կարելի է տեսնել «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում»։ Դրանով առաջարկվում է վերանայել մեծածավալ փորձաքննական գործընթացի ֆինանսավորման մեխանիզմը` սահմանելով, որ գործընթացի որոշ ծախսեր իրականացվելու են ձեռնարկողների հաշվին:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել