
Այսօր հայկական լրատվամիջոցներից մեկում հրապարակվեց Թուրքիայի Հանրապետության արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքերն այն մասին, թե «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման «ահաբեկիչների թվում, որոնց վերացնում է Թուրքիայի ԶՈՒ-ն, կան նաև էթնիկ հայեր»։
Թուրքական լրատվամիջոցից արտատպած այս տեղեկատվության մեջ խոսվում էր Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու՝ «Անկարայի նախաձեռնությունների» մասին և, մեջբերելով Չավուշօղլուի խոսքերը, նշվում, որ Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի՝ «ադրբեջանական տարածքներից»՝ հայկական զորքերի դուրսբերման դեպքում միայն։
Հարկ է նշել, սակայն, որ Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարությունն արվել է դեռևս 2016 թվականին նոյեմբերի 19-ին՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 62-րդ ամենամյա նստաշրջանում Հայաստանը ներկայացնող պատգամավոր Կորյուն Նահապետյանի հարցին։
Տեղեկացնենք, որ վերջերս Իտալիայի խորհրդարանը 382 կողմ ձայնով հավանության էր արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ինչին ի պատասխան Չավուշօղլուն իր թվիթերյան էջում գրառում էր կատարել՝ ընդգծելով, որ Իտալիայի պատգամավորների պալատի որոշումն իրավական ուժ չունի։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել