
Անդրադառնալով մամուլում պարբերաբար հնչող մտահոգություններին առ այն, որ վերջին մեկ տարում Հանրապետությունում չեն ավելացել և/կամ ստվերից դուրս չեն եկել 50 հազար գրանցված աշխատողներ, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը․
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար դրոշմանիշային վճարի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին, որի համար նշված օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասին համպատասխան դրոշմանիշային վճարի գումարը սահմանված է 12 հազ.դրամ գումարի չափով:
Նույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերը նշված անձինք դրոշմանիշային վճարը կատարում են մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ։
Դրոշմանիշային վճարի գումարների, ինչպես նաև դրոշմանիշային վճար կատարող անձանց ցուցակը հարկային մարմինը Զինծառայողների ապահովության հիմնադրամին է փոխանցում՝ դրոշմանիշային վճարի ամբողջ գումարը վճարելուց հետո: Դրոշմանիշային վճարումների ուշացումների հետևանքով կարող են առաջանալ հաշվետու ամիսների (տարիների) դրոշմանիշային վճարի գումարների մուտքերի տարբերություններ:
Այս առումով հայտնում ենք, որ Զինծառայողների ապահովության հիմնադրամին փոխանցվող գումարի աճ / նվազում արձանագրելու համար կարևոր է համեմատել ոչ թե իրար նախորդող ամիսներին իրականացրած վճարները, այլ հաշվետու ժամանակահատածը համեմատել տարեկան կտրվածքով, սակայն նույնիսկ այս դեպքում կարող են լինել չմարված պարտավորություններ, որոնք որոշակի շեղումներ կառաջացնեն։
Ներկայացնում ենք 2018 և 2019 թթ․ առաջին 4 ամսվա դրոշմանիշային վճարները։
Թվերից պարզ է դառնում, որ տնտեսվարողների կողմից վճարների ուշացումների կամ վճարները ուշ փոխանցելու արդյունքում կարող են առաջանալ մեծ տատանումներ (ինչպես դա երևում է փետրվար, մարտ ամիսների պարագայում)։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հարկ ենք համարում նշել, որ դրոշմավճարների միջոցով կարելի է պատկերացում կազմել երկրում գրանցված աշխատատեղերի քանակի վերաբերյալ, սակայն առավել ճշգրիտ հաշվարկի համար անհրաժեշտ է դիտարկել տարեկան վճարումները։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր 50 հազար աշխատատեղերի բացվածքը՝ ըստ ոլորտների։
Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունում 2019թ․ հունվարին՝ 2018թ․ հունվարի նկատմամբ 50,141-ով ավելի վարձու աշխատող է գրանցվել:
Համապատասխան ոլորտներում գրանցված աշխատողների թվի ավելացումը.
- Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլետների նորոգում՝ 16 427:
- Մշակվող արդյունաբերությունում՝ 9551:
- Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 8334:
- Սպասարկման այլ ծառայությունների ոլորտ՝ 2574։
- Տեղեկատվություն և կապ՝ 2260։
- Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 1834։
- Ֆինանսական և ապահովագրական գործունություն՝ 1348։
- Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 1063։
- Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 1056։
- Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 1033։
- Կրթություն՝ 892։
- Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 749։
- Այլ՝ 718։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել