
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Վերջին օրերին օրենքի այս նախագիծը քննադատության արժանացավ. մասնագիտական և ոչ մասնագիտական շրջանակները վտանգ էին տեսնում աշխարհազորայիններին զինելու մեջ։ Մտահոգություն կար, որ վերջիններս զինված շրջելու են փողոցներում, ինչը մեծ ռիսկեր է պարունակում։
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հերքեց տեսակետը, թե աշխարհազորայինները պետք է զինված շրջեն փողոցներով։
«Ոչ մի տեղ գրված չէ, որ մենք նախատեսում ենք զենք բաժանել մարդկանց, որոնցով նրանք շրջելու են փողոցներով։ Աշխարհազորայինները զենք կստանան միայն մարտական գործողությունների ժամանակ, եթե դրանք ներգրավվեն կոնկրետ միջոցառումների մեջ։ Անշուշտ, այն անձինք, ովքեր կընդգրկվեն աշխարհազորայինների կազմում, կանցնեն զինվորական պատրաստվածություն, բայց զենք կստանան միայն այն ժամանակ, երբ կոնկրետ գործողությունների մեջ ներգրավվեն»,- նշեց փոխնախարարը։
Գաբրիել Բալայանի խոսքերով՝ օրինագծի ընդունման դեպքում համապատասխան նորմատիվ ակտերով կկարգավորվեն մնացած նրբությունները՝ սկսած այն բանից, թե տարին քանի անգամ են պատրաստվածություն անցնելու, ինչ զենք է ամրակցվելու և այլն։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել