
«Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի ներկայացրած բնապահպանական հիմնահարցերը, որոնց մեջ թերանալու համար վերջինս մեղադրում է նախարարությանը, իր անմիջական համակարգման ոլորտում են եղել և վերջինս անձամբ էր պատասխանատու դրանց լուծման համար։
Ի պատասխան այս մեղադրանքների՝ նախարարությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեցին, որ անտառային ոլորտում աշխատանքների պատասխանատուն հենց Այսեր Ղազարյանն է եղել, և աշխատանքների չկատարումը կամ թերի կատարումը նախկին փոխնախարաը պատճառաբանել է՝ ոլորտում միայն իրեն հայտնի կոռուպցիոն ռիսկերով, սակայն խուսափել է որևէ առարկայական, անվանական գործողություն իրականացնելուց և հասցեական փաստ չի ներկայացրել իրավապահ մարմիններին։
Այսեր Ղազարյանը ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Բնապահպանության նախարարությունում չեն ցանկացել բարձրաձայնել նախկին տարիներին Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման, պահածոյացված Սիգի, Սևանի իշխան ՓԲԸ-ի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը չի համապատասխանում իրականությանը։
Մասնավորապես․
25․12․2018թ․ N 12900 գրությամբ Բնապահպանության նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ Սևանա լճի ջրածածկ հատվածների մաքրման նախկինում արված աշխատանքներում հայտնաբերված հնարավոր կոռուպցիոն մեխանիզմների առկայությունը քննելու առաջարկով։
26․02․2019թ․ N 4085 և 25․03․2019 N 40142 գրություններով նախարարությունը դիմել է Պետական եկամուտների կոմիտեին՝ սիգի պահածոների արտադրության և արտահանման հանգամանքները պարզելու առաջարկով։
20․05․2019թ N 40414 գրությամբ նախարարությունը դիմել է Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակ՝ Սևանա լճի էկոհամակարգերի վրա բացասական ազդեցություն թողնող գործոնների թվում ներկայացնելով նաև «Սևանի իշխան» ՓԲԸ-ի գործունեությունը։
Այսեր Ղազարյանի կողմից վկայակոչված անտառապատվածության պարտավորության թիվը (265 հազ հա) և այն հանգամանքը, որ ՀՀ-ն ՄԱԿ-ի՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո արդեն իսկ ստանձնել է որոշակի պարտավորություններ և, որ նախարարությունն այդ թիվը փոխելու համար ոչ մի քայլ չի իրականացրել, ևս չի համապատասխանում իրականությանը։
Նախ նշենք, որ տվյալ թիվը ամրագրված է 2015թ. սեպտեմբերի 10-ի N 41-5 արձանագրային որոշմամբ (4 տարի առաջ) ընդունված INDC փաստաթղթում։ Խնդրահարույց համարելով փաստաթուղթը, ինչպես նաև դրանում ներառված ցուցանիշները (այդ թվում՝ նախկին փոխնախարարի կողմից վկայակոչված թիվը), նախարարությունը նախաձեռնել է փաստաթղթի լրամշակում, իսկ վերջնական տարբերակի ներկայացման համար սահմանված ժամկետը «2018» թվականից փոխարինվել է «2020» թվականով (վերջնական տարբերակի ներկայացումից հետո միայն ՀՀ-ն կստանձնի կոնվենցիայի ներքո իր պարտավորությունները)։ Ի դեպ, թվի արդիականացման հանձնարարությունը նույնպես տրված էր Այսեր Ղազարյանին, սակայն այս դեպքում ևս նա չի կատարել իր պարտականությունները:
Ի հավելումն նշենք, որ բնապահպանության նախարարությունը ջրօգտագործման, հանքարդյունաբերության, կենսապաշարների օգտագործման և այլ բնույթի խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ տասնյակ այլ գրություններ է ուղարկել և ուղարկում իրավապահ և պատկան մարմիններին, օրենսդրական բացերի դեպքում նախաձեռնում է անհրաժեշտ փոփոխությունները։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել