
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով հակահամաճարակային միջոցառումներին, մասնավորապես՝ դիմակների պարտադիր կրմանը, կոչ արեց քաղաքացիներին ֆինանսական միջոցներ ունենալու դեպքում անպայման կրել բժշկական՝ եռաշերտ դիմակներ, որոնց արդյունավետությունը մի քանի անգամ ավելի բարձր է, իսկ ինքնաշեն՝ կտորե դիմակներ, կրել միայն բժշկական դիմակներ ձեռք բերել չկարողանալու դեպքում։
Այս հայտարարությունը սոցիալական ցանցերում և լրատվականների վերնագրերում հայտնվեց կոնտեքստից կտրված։ Նշվում էր, որ նախարարը կոչ է անում առհասարակ չկրել կտորե դիմակներ, այն դեպքում, երբ խոսք էր գնում ոչ թե ինքնաշեն կամ կտորե դիմակների՝ բացարձակ անարդյունավետության, այլ բժշկական դիմակների՝ մի քանի անգամ ավելի բարձր արդյունավետության մասին։
Նախարարի խոսքը ստորև՝
«Նախկինում էլ ասում էինք՝ եթե կան ֆինանսական դժվարություններ, ապա առնվազն խնդրում ենք ձեզ օգտագործել տնային օգտագործման դիմակներ, որը, սակայն, երբեք չի փոխարինի բժշկական դիմակներին։ Հիմա տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը։ Ես խնդրում և կոչ եմ անում առնվազն մեր բոլոր գործընկերներին, առնվազն այստեղ ներկա քաղաքացիներին կտորե դիմակներ չկրել, եթե հնարավոր է, կրել սովորական բժշկական դիմակ, քանի որ այն մի քանի անգամ ավելի լավ է պաշտպանում։ Կտորի դիմակի այլընտրանք լինելը միայն պետք է ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված լինի, ոչ թե գեղեցկությամբ, հարմարավետությամբ կամ այլ պատճառներով։ Նույնիսկ ԱՀԿ-ն ասում է՝ եթե 60-ից բարձր ես և խոցելի խմբում ես, պարտադիր կրիր բժշկական եռաշերտ դիմակ, որը պաշտպանում է ջրի կաթիլները դուրս և ներս գալուց, արտաշնչելիս, փռշտալիս կամ հազալիս»։
Այսպիսով արձանագրենք, որ Առողջապահության նախարարը կոչ չի արել հրաժարվել կտորե կամ ինքնաշեն դիմակներից, այլ հորդորել է հնարավորության դեպքում կրել բժշկական դիմակներ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել