Հետևեք մեզ նաև Telegram-ում
Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվում է տեղեկություն այն մասին, թե նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման թեստերը ոչ թե բացահայտում են վիրուսը մարդու օրգանիզմում, այլ հանդիսանում են վիրուսի տարածման աղբյուր։
Մեդիամիջոցները չեն նշում ասվածն ապացուցող որևէ փաստ, այլ ներկայացնում են «Chelovek» յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութ, որտեղ Ռուսլան անունով մի մարդ խոսում է վիրուսի՝ միտումնավոր տարածման մասին, նշում, որ այն չի փոխանցվում մարդուց մարդուն։ Վարակումը, ըստ նրա, տեղի է ունենում թեստերի միջոցով։
Որտեղի՞ց է ծագել թեստերի միջոցով վիրուսը տարածելու միֆը
Ինչպես ցանկացած դավադրության տեսություն, այնպես էլ թեստերի միջոցով վիրուսի տարածումն ունի նախապատմություն, որը հիմնված է իրական փաստերի վրա։ Խոսքը Մեծ Բրիտանիայում դեռևս մարտի 30-ին բարձրացված աղմուկի մասին է՝ կապված մեծ թվով «վարակված թեստերի» հետ։
Մեծ Բրիտանիան, փորձելով մեծացնել երկրում թեստերի քանակը, դիմեց մասնավոր ընկերությունների օգնությանը, որոնցից մեկը լյուքսեմբուրգյան «Eurofins»-ն էր։ Մարտի 30-ին բրիտանական «The Telegraph»-ը, սեփական աղբյուրներին հղումով, հայտնել էր, որ COVID-19-ի թեստերի մատակարարամամբ զբաղվող և որակի պատասխանատու «Eurofins» ընկերությունը տեղեկացրել է բրիտանական կառավարությանը իրենց թեստերի բաղադրիչներում առկա կորոնավիրուսի հետքերի մասին։ Հաղորդվել էր նաև, որ թեստերի մատակարարումը այլևս դադարեցված է։ Թե ինչպես էր տեղի ունեցել վարակման բուն պրոցեսը, չէր նշվում։ Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ խոսք էր գնում ոչ թե բոլոր տեսակի թեստային բաղադրիչների վրա առկա վիրուսների, այլ Լյուքսեմբուրգում գործող «Eurofins» դեղագործական ընկերության արտադրության թեստերի մասին։
Հարկ է նշել նաև, որ ՀՀ առղջապահության նախարարությունը երբևէ չի կիրառել «Eurofins» ընկերության թեստերը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» փոխանցեցին, որ քաղաքացիները թեստերի հետազոտման ապարատների հետ որևէ շփում չեն ունենում։ Կատարվում է նմուշառում, որից հետո բոլորովին այլ տարածքում իրականացվում է թեստավորումը։ Հետևաբար բացառվում է վիրուսի՝ այդ ճանապարհով փոխանցումը։ Ինչ վերաբերում փայտիկներին, որոնցով կատարվում է նմուշառում, ապա դրանք գտնվում են ստերիլ տոպրակներում, բացվում են միայն նմուշառում իրականցնելիս, որից հետո մարդկանց աչքի առաջ կոտրվում են և դեն նետվում։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել