
Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ այսօր հրապարակել են տեղեկատվություն այն մասին, թե «Օքսֆորդ Անալիտիկա» վերլուծական կենտրոնը «կոչ է արել միջազգային կազմակերպություններին և այլ ներդրողներին և դոնորներին խուսափել ՀՀ-ում ներդրումներ և ֆինանսական գործառնություններ իրականացնելուց»: Մինչդեռ «Օքսֆորդ Անալիտիկա» (Oxford Analytica) վերլուծական կենտրոնի կողմից նման որևէ կոչ կամ հայտարարություն երբևէ չի արվել:
Հայաստանյան լրատվամիջոցները, որպես հիմնավորում, հիշատակել են նշված վելուծական կենտրոնի և «Willis Towers Watson» խորհրդատվական կազմակերպության կողմից հրապարակված «Vapor Rating Q2 2019» զեկույցը, որտեղ ՀՀ տնտեսական զարգացումների վրա քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվել է բարձր:
Սակայն խեղաթյուրված տեղեկատվություն հրապարակած լրատվամիջոցները զեկույցի բովանդակությունը ներկայացնելիս չեն նշել նույն այդ զեկույցի ամենասկզբում հեղինակների կողմից գրված նախաբանը, ինչի հետևանքով կատարել են զեկույցի բովանդակությանը հակասող եզրակացություն: Մասնավորապես՝ զեկույցի նախաբանում ասված է, որ դրանում տեղ գտած բոլոր տեղեկատվական նյութերը և տվյալները չեն հանդիսանում ռիսկերի կառավարման, իրավաբանական, հարկային, ներդրումային կամ որևէ այլ տեսակի մասնագիտական խորհրդատվություն:
«Այս հրապարակումը նախատեսված է միայն ընդհանուր քննարկման համար, այն նախատեսված չէ դրա հիման վրա որոշումներ կայացնելու և որևէ գործողություն ձեռնարկելու համար՝ առանց որակավորված մասնագետից նախապես խորհրդատվություն ստանալու», - ասված է զեկույցի նախաբանում:
Հատկանշական է նաև, որ եռամսյակային կտրվածքով տվյալ զեկույցը հրապարակվում է առաջին անգամ, և այնտեղ, ի տարբերություն մյուս երկրների, Հայաստանի վերաբերյալ բացակայում են հիմնավորումներն ու ռիսկայնության հաշվարկման պարամետրերը:
Այսպիսով՝ որոշ ԶԼՄ-ների հրապարակումներում պատկերը ներկայացվել է ոչ լիարժեք և խեղաթյուրված, մասնավորապես՝ տարածվել է Հայաստանի հեղինակությանը հարվածող կեղծ տեղեկատվություն, կատարվել են անհիմն եզրակացություններ՝ առանց զեկույցի և դրա մեթոդաբանության մասին լիարժեք տեղեկատվություն տրամադրելու։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել