
Լրատվական դաշտում տեղեկություն է տարածվել, որ պետական բյուրոկրատիայի արդյունքում օտարերկրյա ներդրողներից մեկը, որը պատրաստվում էր Հայաստանում զբաղվել ավտոմեքենաների զրահապատմամբ, որոշել է դադարեցնել ծրագրի շուրջ քննակումները։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը, ուսումնասիրելով խնդրո առարկան, ներկայացնում է ծրագրի վերաբերյալ որոշ մանրամասներ։
Խոսքը արդյունաբերական գոտու ստեղծման ծրագրի մասին է, որտեղ հավանական գործունեություն իրականացնողներից մեկը կարող է լինել ավտոմեքենաների զրահապատում իրականացնող ընկերություն։ Ընդ որում, ներկայացվել է ոչ թե 30 մլն դոլարի (ինչպես նշված է հրապակման մեջ), այլ առայժմ միայն 1.2 մլն դոլարի ներդրումային ծրագիր։
Ծրագիրն իրականացնելու համար ներդրողն առաջարկել է պետությանը 5 տարով հարկային արտոնություններ տրամադրել։ Առաջարկից ենթադրվում է նաև, որ կազմակերպությանը պետք է արտոնյալ պայմաններով հատկացվի պետական գույք։
Կազմակերպության կողմից որպես ծրագրի իրականացման նախապայման հայցվող հարկային արտոնությունը կարող է կարգավորվել միայն օրենքով։ Էկոնոմիկայի նախարարությունը ներդրողին առաջարկել է տրամադրել ծրագրի իրագործելիության և սպասվող տնտեսական արդյունքների վերաբերյալ տեղեկություններ։ Նախարարությունը պարզաբանել է, որ ներկայացված հիմնավորումները դեռևս բավարար չեն հարցը կառավարության քննարկմանը ներկայացնելու համար և առաջարկել է լրամշակել համապատասխան տեղեկատվությունը։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ քննարկումը գտնվում է աշխատանքային փուլում, և կառավարությունը պատրաստ է քննարկել ներդրողի կողմից հայցվող արտոնությունը տրամադրելու հարցը՝ բավարար տեղեկատվության ստացման դեպքում։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել