
Այսօր լրատվամիջոցներից մեկը անդրադառնալով Երևան-Նուր-Սուլթան ավիափոխադրումների ժամանակավոր դադարեցմանը՝ գրել էր, թե դա կապված է Հայաստանից Ղազախստան արտահանած մեծ թվով մեքենաների հետ, և որ այդ կապակցությամբ Ղազախստանի կառավարությունը դժգոհություն է հայտնել։ Ըստ լրատվականի՝ չվերթների դադարեցումը պատասխան է Հայաստանի իշխանությանը։
Հարկ է նշել, որ Երևան-Նուր-Սուլթան ավիափոխադրումները դադարեցված չեն, այլ ժամանակավորապես կասեցված, ինչի մասին հայտարարվել է դեռևս սույն թվականի հունվարի 16-ին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «SCAT» ավիաընկերությանը, որը հայտարարել էր հունվարի 21-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևան-Նուր-Սուլթան ուղիղ չվերթի ժամանակավոր կասեցման և ոչ թե՝ դադարեցման մասին։
Չվերթների կասեցումը որևէ կերպ չի առնչվում նյութի հեղինակի վկայակոչած իրադարձությունների հետ։ 2019 թվականին ևս «SCAT» ավիաընկերությունը հայտարարել էր Երևան-Նուր-Սուլթան ուղիղ չվերթները ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Այն ժամանակ դա վերաբերում էր հունվարի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածին։ Սա պայմանավորված է տվյալ սեզոնին ուղևորների փոքր քանկով։
Հիշեցնենք, որ 2019 թվականին չվերթների կասեցումը ևս շահարկման առիթ դարձավ։ Մասնավորապես՝ ադրբեջանական մամուլը այս գործընթացի պատճառ ներկայացրեց Կարագանդա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել