
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, անդրադարձել է Երևանի թիվ 92 մանկապարտեզի վերաբերյալ տարածվող տեղեկությանը, ըստ որի՝ մանկապարտեզը հունվարի 8-ից դռները փակել է ներառական կրթություն ստացող երեխաների առաջ, քանի որ նախարարությունը դադարեցրել է մանկապարտեզի թվով 23 հատուկ խնամք ապահովող աշխատակիցների ֆինանսավորումը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող ծառայությունների տրամադրումն իրականացվելու է բացառապես մրցութային կարգով՝ տարբեր կազմակերպությունների և համայնքների հետ համագործակցությամբ: Երևանի թիվ 92 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հետ ևս կնքված է եղել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր, որում հստակ ամրագրված է եղել դրա գործողության վերջնաժամկետը՝ 31.12.2019 թ., և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրացրել է իր պայմանագրային պարտավորությունները մինչև դրանց ժամկետի ավարտը:
2019 թ.-ի վերջին կազմակերպել և իրականացրել է ավելի քան 138 դրամաշնորհային մրցույթ՝ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, այդ թվում՝ երեխաների ցերեկային և հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցման նպատակով: Մրցույթները բաց են եղել բոլոր հավաստագրված կազմակերպությունների համար, սակայն վերոնշյալ ՀՈԱԿ-ը դրանցից որևէ մեկին մասնակցության հայտ չի ներկայացրել:
Այսինքն, պայմանագրի ավարտից հետո նշյալ ՀՈԱԿ-ը պետք է դիմեր և մասանկցեր մրցույթի՝ ֆինանսավորում ստանալու համար, սակայն վերջինիս կողմից որևէ մրցույթի մասնակցության հայտ չի ներկայացվել։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել