
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 5-րդ ալիքի եթերում ունեցած հարցազրույցում կատարել է մի շարք՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ։
Մասնավորապես, խոսելով արտագաղթի մասին, նա նշել է, որ 2016-ին Հայաստանում հնդիկներ չկային։ Իսկ Հնդկաստանի քաղաքացիների թվաքանակի այժմյան աճը պայմանավորված է Հայաստան ներկրվող ավտոմեքենաների քանակի աճով։ Միաժամանակ Հ.Բագրատյանը նշել է, որ Հայաստանից մեկնող հայերի քանակը չի նվազել, այլ ընդհակառակը՝ աճել է, ուղղակի տեղի է ունեցել «replacement». հայերը փոխարինվել են հնդիկներով։ Ըստ Բագրադյանի՝ 2019թ-ի առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 35 000 հայ և այդ նույն ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 37 000 հնդիկ։
Պնդումը, թե 2016-ին Հայաստանում հնդիկներ չեն եղել, ճիշտ չէ։ Պաշտոնական տվյալներով՝ 2016-ին Հայաստան է ժամանել Հնդկաստանի՝ 4278 քաղաքացի։ Խոսելով 2019 թվականին Հայաստանից մեկնած 35 000 քաղաքացիների և ժամանած 37 000 հնդիկների մասին, Հ. Բագրատյանը չի նշել, թե այդ նույն ժամանակահատվածում Հնդկաստանի քանի քաղաքացի է մեկնել Հայաստանից։ Համադրելով Ոստիկանության՝ 2019թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հնդկաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման իրական ցուցանիշները, կտեսնենք, որ գրանցվել է վիզայի տրամադրման 37 000 դեպք, մինչդեռ մոտ 35 000 հնդիկ էլ մեկնել է երկրից (Հայաստանում բնակվում են նաև բուհերում սովորող Հնդկաստանի քաղաքացիները՝ մոտ 3000 ուսանող)։ Սա նշանակում է, որ Հայաստանում չի կարող բնակվել 37 000 հնդիկ։
Խոսելով ներկրվող մեքենաների մասին՝ Հ. Բագրատյանը նշում է, որ դրա արդյունքում ունենք քաղցկեղային հիվանդությունների կտրուկ աճ։ Մինչդեռ պաշտոնական աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քաղցկեղային հիվանդությունների կտրուկ աճ Հայաստանում բնավ չի գրանցվել։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ 2018 թվականի համար քաղցկեղային հիվանդությունների քանակը Հայաստանում 8441 է, ինչը ավելին է, քան նախորդ տարիներին, բայց ոչ մի կերպ չի կարելի բնությագրել՝ որպես հիվանդության տարածման կտրուկ աճ։
ՀՀ նախկին վարչապետը, խոսելով Որոտան-Արփա թունելի մասին, նշում է՝ «Որոտան-Արփա թունելն ամբողջությամբ շահագործման է հանձնվել մեզանից հետո։ Թունելով կարելի է Արփա գետի ջուրը 170 մլն խորանարդ մետր գցել Արփա և մտցնել Սևան։ Սևան մտնելուց հետո 170մլն-ը կարող է գալ Սևանի կասկադով, դառնալ էլեկտրաէներգիա և էլեկտրաէներգիա դառնալուց հետո մեր դաշտերը ոռոգել։
Մեկ խորանարդ մետր ջուր 2018-ին կամ 2019-ին թունելով չի գնացել»։
Այս առիթով հարկ է նշել, որ Որոտան-Արփա թունելային ջրատար համակարգի շինարարությունը մեկնարկել է դեռևս 1980 թվականին։ Ընդհատվել էր 1990-ին, ապա վերսկսվել 1997-ին, իսկ ավարտվել՝ 2004-ին։ 21 600 մետր երկարություն ունեցող ջրատարը նախատեսված է եղել «Սպանդարյանի» ջրամբարից տարեկան 165մլն խմ ջուր Կեչուտի ջրամբար տեղափոխելու համար և այնտեղից, Արփա-Սևան թունելով, դեպի Սևանա լիճ` բարձրացնելու ջրի մակարդակը։
Ջրատարը, սակայն, շինարարության ավարտից հետո երբեք էլ չի շահագործվել, այնտեղ ոչ միայն 2018-19-ին, այլև երբևէ ջուր չի տեղափոխել։ Այս մասին հայտնում է Ջրային կոմիտեն։
Խնդրահարույց հաջորդ պնդումը, որը կատարում է Բագրատյանը, չինական ներդրումների կտրուկ անկումն է։ Ըստ նախկին վարչապետի՝ սա հատուկ քաղաքականություն է, որը որդեգրել է այսօրվա իշխանությունը։ Մինչդեռ, համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակումների, Չինաստանից օտարերկրյա ներդրումները ՀՀ տնտեսության իրական հատվածում սկսած 2015 թվականից (մեթոդական փոփոխություններից հետո) միշտ եղել են այնքան քիչ կամ առհասարակ չեն եղել, որ առանձին տողով չեն ներկայացվել։ Ավելին, համախառն հոսքերի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ 2015 թվականից ի վեր Չինաստանից ՀՀ-ում ներդրումներ չեն իրականացվել, քանի որ համախառն հոսքերի մեծությունը հաստատուն է եղել։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել