
Մի քանի օր է, ինչ մամուլում հայտնվում են քննադատական նյութեր՝ կապված Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի գործունեության հետ։
Օրեր առաջ «Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի» գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը հարցազրույցում նշել էր, թե Քաղաքացիական ավիացիայի նախագահը օրենքով չի գործում. «...Նպատակադրվել էին ստեղծել նոր ավիաընկերություն և իրականացնել Երևան-Լաթակիա և Երևան-Դամասկոս թռիչքուղիներով կանոնավոր թռիչքներ։ Հիմա, երբ մեկ ստորագրություն է մնացել, չի լինում», - նշել էր Վ. Մահշիկյանը։
Վերջինիս խոսքով՝ Սիրիայի քաղավիացիայի կոմիտեն օգոստոսին նամակ էր ուղարկել Տաթևիկ Ռևազյանին՝ «Հայաստան-Սիրիա օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը» ստորգրելու պատարստակամությամբ։ Խոսքը, իբրև, 5-10 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մասին է, որի շնորհիվ օդանավային ընկերություն պետք է հիմնվեր։
Այս քննադատությանն ի պատասխան՝ Քաղավիացիան տեղեկացնում է, որ 2019 թվականի օգոստոսի 19-ին Սիրիայի Արաբական Հանրապետության տրանսպորտի նախարարությունից ստացել է գրություն՝ կապված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի նախաստորագրման նպատակով Երևանում հանդիպում կազմակերպելու հետ: Քաղավիացիայի կոմիտեն, նախարարությունից ստացված գրության հետագա ընթացքն ապահովելու նպատակով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն, այն փոխանցել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն:
Կոմիտեն հայտնում է նաև, որ նշված գրությունը վերաբերել է բացառապես երկու երկրների միջև միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը և որևէ ներդրման կամ որևէ ավիաընկերության կողմից դեպի Երևան չվերթերի մասին խոսք չի եղել: Ավելին, ներկայումս Երևանի և Դամասկոսի միջև առկա է ուղիղ չվերթ շաբաթական մեկ հաճախականությամբ, որը չարտերային հիմունքներով իրականացնում է սիրիական «Չամ Վինգս» ավիաընկերությունը:
Արտաքին գործերի նախարարությունն այս կապակցությամբ հայտնում է, որ կարևորում է Սիրիայի հետ կանոնավոր օդային հաղորդակցությունը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության Կառավարության միջև օդային հաղորդակցության մասին» համաձայնագրի ստորագրումը: Եվ նշում, որ համաձայնագիրը կստորագրվի սահմանված կարգով համապատասխան ներպետական և երկկողմ ընթացակարգերն ավարտելուն պես։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել