
Պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի՝ նոյեմբերի 13-ի «Գաղտնալսվել են ու հեռացվել» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ հայտնում է.
«Թերթի տեղեկություններով՝ աշխատանքից ազատված անձինք հանդիսացել են Արարատյան մաքսատուն-վարչության պետ և պետի տեղակալ, այնինչ, իրականում՝ նրանք պաշտոնավարել են տարբեր ստորաբաժանումներում: Սեփական դիմումների համաձայն մաքսային ծառայությունից ազատված Զոհրաբ Ավետիսյանը զբաղեցրել է Արևմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի, իսկ Գեղամ Սարմազյանը՝ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի պաշտոնը: Գեղամ Սարմազյանը համակարգի հնաբնակներից է, աշխատանքային գործունեությունը սկսել է տեսուչից, այնուհետև երկար տարիներ զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ: Հետևաբար, թերթի կողմից՝ Սարմազյանի պաշտոնավարումը ենթադրյալ բարեկամական կապերով պայմանավորելը ճիշտ չէ»:
Միաժամանակ ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նշում է, որ նշված անձանց հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և աշխատանքից ազատվելու հրամանը չեղյալ համարելու վերաբերյալ թերթի տվյալները ևս չեն համապատասխանում իրականությանը: Սեփական դիմումի համաձայն վերջիններիս ազատման հրամաններն արդեն ստորագրված են ՊԵԿ նախագահի կողմից:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել