
Հայկական լրատվական կայքերից մեկը տեղեկություններ էր տարածել, թե ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին պետությունների ղեկավարներին սպասարկելու համար ձեռք բերված «Mercedes-Benz» մակնիշի զրահապատ մեքենաներից մեկը հատկացվել է «կառավարության կազմում որևէ կարգավիճակ չունեցող վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին»։
Տեղեկությունը արտատպել և որպես փաստ ներկայացրել էին մի շարք այլ լրատվական կայքեր։
Նշված ինֆորմացիան, սակայն, չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես հայտնում է Պետական պահպանության ծառայությունը՝ նշված մեքենաներից և ոչ մեկը Աննա Հակոբյանին չի սպասարկել։ Համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի՝ գնված մեքենաները նախատեսված են սպասարկելու Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների ու նրանց ընտանիքների անդամների պետական պահպանությունն ապահովելու համար։
Հավելենք նաև, որ նույն օրենքի՝ «Վարչապետի պետական պահպանության» մասին 6.1 հոդվածի համաձայն՝ ՀՀ վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին: Սա նշանակում է, որ Աննա Հակոբյանը հանդիսանում է պետական պահպանության օբյեկտ և վերջինիս անվտանգությունը ևս ապահովվում է Պետական պահպանության ծառայության կողմից։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել