
Հոկտեմբերի 23-ին ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյաը, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր՝ «Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում: Ես օֆիցիալ հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել։ Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»։
Այս հայտարարությունից հետո մի շարք լրատվամիջոցներ դիմել էին Հատուկ քննչական մարմնին՝ պարզելու, թե արդյոք այդ առնչությամբ քննություն սկսել է և ԱԺ նախկին նախագահը կանչվել է հարցաքննության։ Կարճ ժամանակ անց ՀՔԾ-ն հայտնել էր, որ հայտարարության վերաբերյալ ընթանում է ուսումնասիրություն։
Արա Բաբլոյանն իր հայտարարության կապակցությամբ քննիչի կողմից ուղղված հարցադրումներին բառացի պատասխանել է հետևյալը.
«Ճիշտն ասած, ի նկատի եմ ունեցել այն, որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետի պաշտոնում և պատգամավորական մանդատից հրաժարական չի ներկայացրել: Եթե ենթադրենք՝ Հրայր Թովմասյանի դեպքում խախտում էի թույլ տվել այն մասով, որ նա պատգամավորական մանդատից հրաժարական չէր ներկայացրել, սակայն արձանագրել էի նրա պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու հանգամանքը, ապա նույն խախտումը ենթադրաբար թույլ էի տվել նաև Նիկոլ Փաշինյանի դեպքում:
Սակայն փաստաբանիս հետ իրավաբանական խորհրդակցությունից հետո հասկացա, որ նման պայմաններում պետական մարմնում պաշտոնի նշանակվելուց հետո պատգամավորի լիազորությունները, ՀՀ Սահմանադրության 2015 փոփոխությունների 95-րդ հոդվածի համաձայն, ինքնաբերաբար, իրավունքի ուժով դադարում են: Իմ կողմից տրված հարցազրույցի մասով ավելացնելու այլ բան չունեմ»:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել