![«Սեզամ գազ» ընկերությունում ստուգումները շարունակվում են. գործը փակված չէ Image](/storage/posts/188/1234568.jpg)
2018 թվականի ամռանը ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչությունը խախտումներ էր բացահայտել մի շարք ընկերությունների գործունեության մեջ։ Դրանցից մեկը Վանաձորի «Սեզամ գազ» ընկերությունն էր, որը ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար փակվել էր 5 օրով։ Ի դեպ, սա հիմնարկի կողմից նման խախտման երկրորդ դեպքն էր տարվա ընթացքում։ Այս մասին ժամանակին հայտնել էր Պետեկամուտների կոմիտեն։
Այսօր «Ժամանակ» օրաթերթը հրապարակել էր ««Յուրայիններին» չնեղացնելու գործելակերպ՝ ՊԵԿ-ում. Սերժի Վաչոյի ընկերության դեմ կազմված ակտը «ջրվել» է» վերտառությամբ հոդված, որում նշվում էր «…վերջերս էլ հարկայինը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին՝ Սերժի Վաչոյին պատկանող «Սեզամգազում» ստուգումների արդյունքում ակտ է կազմել, սակայն այդ ակտը արդեն ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովում «ջրվել» է»։
Ի պատասխան տարածված այս տեղեկատվության՝ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը, քննության առնելով ՀՀ ՊԵԿ Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 18.01.2019 թվականի թիվ 1011589/1 ստուգման ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ «Սեզամ-Գազ» ՍՊԸ-ի դիմում-բողոքը և դրանում ընկերության կողմից ներկայացված լրացուցիչ փաստարկները, որոշել է ընկերությունում նշանակել վերստուգում, որը, ի դեպ, դեռևս ավարտված չէ:
Նշենք, որ հանձնաժողովի քննարկման արդյունքները և կայացված որոշումը գաղտնիք չեն և հրապարակված են ՊԵԿ պաշտոնական ինտերնետային կայքում։
ՊԵԿ-ը նաև հայտնում է, որ հարկ վճարողների սեփականատերերի կամ հիմնադիրների ինքնությունը որևէ նշանակություն և ազդեցություն չի կարող ունենալ կառույցի կողմից իրականացվող հարկային վարչարարության արդյունքների վրա:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել