
Այսօր մամուլում հայտնվել էր բեռնատարների հայ վարորդների ահազանգն այն մասին, որ վրաց-հայկական սահմանին՝ Սադախլո գյուղում, վրացիները նոր կայանատեղի են ստեղծել և ստիպում են իրենց՝ մեքենաները կայանել այդտեղ, արդյունքում առաջացել էին բեռնատարների մեծ հերթեր, և իրենք չեն կարողանում առաջ շարժվել։
Պետական եկամուտների կոմիտեն այս կապակցությամբ տեղեկացնում է, որ Հայաստանի հյուսիսային մաքսակետերում կուտակումները պայմանավորված են Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետից մեր երկիր ուղևորվող ավտոմեքենաների ակտիվ հոսքով։ Մեքենաներն օրեր շարունակ կուտակված են եղել Վերին Լարսում և ներկայումս մեծ խմբաքանակով մոտենում են Հայաստանի մաքսային անցակետերին։
ՊԵԿ-ը վստահեցնում է, որ մաքսակետերում գործի է դրվել ողջ ներուժը՝ մաքսային ձևակերպումները հնարավորինս օպերատիվ իրականացնելու և լրացուցիչ խոչընդոտները բացառելու համար:
Միաժամանակ, ՊԵԿ-ի՝ Վրաստանի գործընկերները հայտնել են, որ վերջին ժամերին վրացական կողմում առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որի արդյունքում մեքենաների թողունակությունը մի քանի ժամ նվազել է, սակայն այս պահի դրությամբ խնդիրները կարգավորվել են, և ավտոմեքենաների շարժն արդեն վերսկսել է:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել