
Ինչպես հայտնում է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ այսօր մամուլում հրապարակված «Քաոս կալանավայրերում» վերտառությամբ հոդվածում առկա տեղեկությունները որևէ աղերս չունեն իրականության հետ: Լրատվամիջոցի տարածած տեղեկատվության համաձայն՝ «քրեակատարողականների ընդհանուր թվով 120 բժիշկներից 50-ն արդեն գործազուրկ են, իսկ ազատման դիմումների գլխավոր պարտադրողը ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ նշանակված Բագրատ Սայադյանն է»։
Նախարարության պարզաբանումը՝ ստորև.
1. 2019 թվականի սեպտեմբերի 24-ից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը Բագրատ Սայադյանը չէ. ներկայում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Արա Հովհաննիսյանն է:
2. 04.10.2019թ-ի դրությամբ Քրեակատարողական ծառայությունից ազատված 108 ծառայող (փաստացի բոլոր ազատվածները) արդեն իսկ ընդունվել է աշխատանքի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում. ներկայում գործընթացը շարունակվում է:
3. Ապատեղեկատվություն է նաև Անդրանիկ Բաղդասարյանի միջնորդության հետ կապված տեղեկությունը: Նշենք, որ 04.10.2019 թվականի դրությամբ Անդրանիկ Բաղդասարյանը չի հանդիսանում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղակալ (31.07.2019 թվականից, իր դիմումի համաձայն, անցել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի):
4. ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանումներում աշխատում են բացառապես համապատասխան բժշկական որակավորում ունեցող անձինք (անասնաբույժի որակավորում ունեցող անձ ՊՈԱԿ-ում չի աշխատում):
5. Միաժամանակ հայտնում ենք, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը պատրաստ է բարձր աշխատավարձով աշխատանքի ընդունել համապատասխան բժշկական որակավորում ունեցող բուժաշխատողների (բժիշկներ, միջին բուժանձնակազմ), ինչի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել