
Մեդիադաշտում այսօր հայտնված «Դավիթ Անանյանի կադրը ոչ միայն բիզնեսով է զբաղվում, այլև նույնիսկ ապրանք է մատակարարում հենց ՊԵԿ-ին» վերտառությամբ հոդվածում տեղ գտած մի շարք պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։
Մասնավորապես՝ նյութում նշված էր, թե Բագրատաշենի մաքսակետի պետ Գեղամ Վանունին պաշտոնի բարձրացում է ստացել և նշանակվել ՊԵԿ ներքին անվտանգության վարչության արտաքին տնտեսական գործունեության մաքսային գործառնությունների հսկողության բաժնի պետ։ Լրատվամիջոցի պնդմամբ՝ Գեղամ Վանունին զբաղվում է բիզնեսով, իսկ նրա հիմնադրած «Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ն այժմ ապրանք է մատակարարում ՊԵԿ-ին։
Նախ հարկ է նշել, որ Գեղամ Վանունին Պեկ համակարգ է ընդունվել 2019 թվականի ապրիլի 11-ին` որպես Արևելյան մաքսատուն-վարչության Բարգարատաշենի մաքսային կետ բաժնի պետ և, պետական պաշտոնի անցնելիս, իր հիմնադրած ընկերությունը՝ «Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ն, հանձնել է հավատարմագրային կառավարման, ինչը նշանակում է, որ այդ ՍՊԸ-ի լիազորություններն այժմ իրեն չեն պատկանում: Բացի դրանից, «Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ն ՀՀ պետական եկամուտների կոմիտեին վերջին անգամ ապրանք է մատակարարել 2017 թվականին:
Ինչ վերաբերում է պաշտոնի առաջխաղացմանը՝ ՊԵԿ-ը հայտնում է, որ Գեղամ Վանունին 2019 թվականի սեպտեմբերի 25-ին նշանակվել է ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության արտաքին տնտեսական գործունեության մաքսային գործառնությունների հսկողության բաժնի պետ, սակայն նոր նշանակումը չի համարվում պաշտոնի առաջխաղացում, քանի որ նա բաժնի պետի հաստիքից տեղափոխվել է բաժնի պետի հաստիքի:
Լրատվամիջոցը նաև նշել էր, որ Գեղամ Վանունին վերջերս հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում՝ գործարարի ապրանքը ապօրինաբար չմաքսազերծելու և նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար՝ ինչի կապակցությամբ պատասխանատվության չի ենթարկվել։
Այս առիթով հարկ է հիշատակել Պետական եկամուտների կոմիտեի՝ դեռևս հուլիսին տված պարզաբանումը.
«Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները գործել են օրենքի տառին համապատասխան, ինչը կարող են փաստել նաև ականատեսները: Բացի դրանից, առկա են միջադեպի վերաբերյալ տեսագրություններ, որոնք հնարավորություն կընձեռեն համապատասխան մարմիններին պարզել իրականությունը»։ ՊԵԿ-ը հայտնել էր, որ հուլիսի 25-ին Բարգրատաշենի անցակետում տեղի ունեցած դեպքի առնչությամբ ընթանում է քննություն։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել