
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մամուլում տեղեկություն էր տարածվել, թե Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մեկնարկած օպտիմալացման շրջանակներում վարչության պետերից երեքը հրաժարվել են շարունակել աշխատանքը, իսկ այն մարդիկ, որոնք համաձայնել են ու տեղափոխվել այլ վարչություն, նրանց աշխատավարձը կրճատվել է 5 տոկոսով, ինչն օրենքի խախտում է:
ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ պնդումը, թե այլ վարչություններ տեղափոխված աշխատակիցների աշխատավարձերն օրենքի խախտմամբ կրճատվել են 5 տոկոսով, չի համապատասխանում իրականությանը։
Կրճատվածը՝ դասային աստիճանի համար հաշվարկվող հավելավճարն է եղել, ոչ թե աշխատավարձը։ Համաձայն «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 13-րդ կետի՝ «Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դասային աստիճանի համար հաշվարկվող հավելավճարը տրվում է տվյալ պաշտոնն զբաղեցնելու ժամանակահատվածում: Պաշտոնի փոփոխության դեպքում հավելավճարը չի հաշվարկվում»։ Այլ կերպ ասած՝ օրենքի խախտմամբ աշխատավարձի նվազում չի եղել։
ԿԳՄՍՆ-ն հավելում է նաև, որ նախարարությունների միավորման արդյունքում բոլոր պաշտոնները թափուր են եղել, և այդ պաշտոններում նշանակումները կամ վերանշանակումները եղել են օրինականության շրջանակում՝ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց կողմից։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել