
Օրեր առաջ՝ սեպտեմբերի 3-ին, «Politik.am» լրատվական կայքը գրել էր, թե Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը «շուկայի է վերածել ԱԳՆ-ն»: Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Մելիքյանն իր աշխատասենյակ էր հրավիրել տարբեր երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպանների և նրանց վաճառել իր ընկերոջ արտադրած «ARCHIR» շոկոլադները՝ ըստ դեսպանությունների մեծության:
Այս հրապարակումից հետո «Politik.am»-ը որոշել էր հարցում ուղարկել Արտաքին գործերի նախարարություն, որին ի պատասխան նախարարությունը հերքել էր տեղեկատվությունը՝ նշելով.
«Հայաստանում արտադրվող ապրանքատեսակների մասին տեղեկատվությունը և տարբեր հայաստանյան ընկերությունների կողմից առաջարկվող համագործակցության մանրամասներն ԱԳՆ միջոցով մշտապես տրամադրվում են օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին՝ հավատարմագրման երկրի գործարար շրջանակներին դրանք ներկայացնելու և տվյալ երկրի շուկա մուտք գործելու հնարավորությունների դիտարկման համար: Հաշվի առնելով Երևանում այդ օրերին անցկացվող համաժողովի պատեհ առիթը՝ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին ներկայացվել է նաև «ARCHIR» ընկերության առաջարկը, որը նախապես իր արտադրանքը ներկայացրել էր ԱԳՆ-ին»։
Անդրադառնալով Արտաքին գործերի նախարարության արձագանքին՝ լրատվամիջոցը այսօր՝ սեպտեմբերի 5-ին, նոր հրապարակում էր կատարել «ԱԳՆ-ն հաստատում է․ դեսպաններին շոկոլադ է վաճառվել նախարարությունում» վերտառությամբ՝ այդպիսով խեղաթյուրելով նախարարության պատասխանը։
Այս առիթով Արտաքին գործերի նախարարությունից վերստին հայտնում են, որ Վահագն Մելիքյանը որևէ առնչություն չունի «ARCHIR» ընկերության հետ, և որևէ մեկի կողմից դեսպաններին չի պարտադրվել գնել ընկերույթան արտադրանքը։ Իրականում ԱԳՆ-ի միջոցով մշտապես ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին տրամադրվում են հայկական արտադրության ապրանքներ՝ հավատարմագրման երկրի գործարար շրջանակներին դրանք ներկայացնելու համար։
Սուտ է նաև այն տեղեկությունը, թե ԱԳՆ աշխատակազմի ղեկավարը դեսպաններից յուրաքանչյուրին վաճառել է միջինում 30-50 տուփ շոկոլադ։ Իրականում դիվանագետներին ընդամենը ներկայացվել են շոկոլադի նմուշներ։ Ինչպես հայտնում է ԱԳՆ-ն՝ հետագայում որոշ դեսպանների կողմից ցանկություն է հայտնվել ներկայացուցչական նպատակներով ձեռք բերել տվյալ ապրանքանիշը:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել