Վերջին օրերին մամուլում շրջանառվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սեպտեմբերի 1-ին տարածած տեսանյութը։ Մեդիադաշտում, անդրադառնալով հիշյալ հոլովակին, պնդում են, թե յութուբյան այդ էջը կեղծ է, ու Նիկոլ Փաշինյանը «որերորդ դեպքն է» ֆեյք էջից տարածվող տեղեկատվությամբ է կիսվում։
Եթե նախորդ դեպքում խոսքը վերաբերում էր Փաշինյանի հրապարակած մեկնաբանության հեղինակի կեղծ լինելուն, որն ի դեպ արդեն հերքվել է (օգտատերն իրական էր), ապա այս անգամ խոսքը «Perfect TV» յութուբյան էջով տարածված տեսանյութի մասին է։
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, մամուլում տեղեկություն տարածվեց, թե «այդ յութուբյան ալիքի էջի հետևում մի երիտասարդ է կանգնած»։ Տեղեկության համաձայն՝ երիտասարդի ֆինանսական վիճակը վերջին շրջանում բարելավվել է և նա ստացած եկամուտով մեքենա է գնել։ Լրատվականները փորձում էին կապ գտնել իշխանության՝ մասնավորապես Փաշինյանի, և յութուբյան օգտատերի միջև, նշելով, թե հնարավոր է ալիքը ֆինանսավորվում է հենց նրանց կողմից։
Նախ նշենք, որ «Perfect TV» յութուբյան հաշիվը կեղծ չէ։ Ուսումնասիրելով այն՝ կտեսնենք ալիքի սեփականատիրոջ անունը՝ Վիգեն Սուքիասյան, «Perfect TV»-ի ֆեյսբուքյան էջի հղումը և էլետրոնային հասցեն։
Այնուամենայնիվ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց ալիքի հիմնադիր Վիգեն Սուքիասիանի հետ՝ ստանալով նրա անձը հաստատող այլ փաստեր ևս։
Անդրադառնալով վերջինիս՝ իշխանության կողմից ֆինանսավորման և մեքենա գնելու պնդմանը, նշենք, որ Վիգենն իր մեքենան գնել է 2019-ը թվականի ապրիլին՝ հունվար ամսին ալիքից ստացված միջոցներով։
Յութուբերը մեզ տրամադրեց նաև իր ալիքի ֆինանսական վերլուծությունը, որտեղ երևում է, թե որքան գումար է «YouTube»-ից փոխանցվել իրեն՝ էջի դիտումների և հավանումների համար։
Հավելենք նաև, որ Վիգեն Սուքիասյանը դեռ 2016-ից յութուբյան հարթակում այլ նախագծերով ևս փորձել է հանդես գալ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել