
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով
«Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է:
Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական եւ հաղթանակած հայ ժողովրդին»։
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդադառնալով Փաշինյանի գրառմանը, կոչ էր արել վերջինիս՝ սովորել սեփական ժողովրդի պատմությունը՝ պնդելով, որ «Արցախի դուրս գալը Խորհրդային Ադրբեջանից՝ տեղի է ունեցել ոչ թե 1991թ. սեպտեմբերի 2-ին, այլ` 1988թ-ին»:
Այս տեղեկությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։
Ճիշտ է, դեռ 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու եւ Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու հարցով Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդելու մասին: Սակայն ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյում, հաջորդ իսկ օրը, այդ միջնորդությունը մերժվեց։ Ուստի ճիշտ չէ պնդումը, թե Խորհրդային Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղն անկախացել է դեռ 1988 թվականին։
Հռչակագրի ընդունումը հնարավոր եղավ միայն 1990թ. ապրիլի 3-ին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքի ընդունումից հետո։ Այդ օրենքի առանցքը, բացի Միութենական Հանրապետությունների՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու իրավունքից (ինչն ամրագրված էր ԽՍՀՄ սահմանադրության 72-րդ հոդվածում), նաև Միութենական հանրապետությունների կազմում գտնվող ինքնավար հանրապետություններին և շրջաններին հանրաքվեի միջոցով սեփական պետաիրավական կարգավիճակը որոշելու իրավունքի հատկացումն էր (տես 1990 թ. ապրիլի 3-ին ԽՍՀՄ ԳԽ ընդունած օրենքի 3-րդ հոդվածը):
Ստացվում է` եթե Խորհրդային Ադրբեջանը չորոշեր սկսել ԽՍՀՄ-ից դուրս գալու գործընթացը, որի սկիզբը անկախության հռչակագրի ընդունումն է համարվում, ԼՂԻՄ-ը իրավունք չէր ունենա անկախության հռչակագիր ընդունելու։
Այսինքն, երբ 1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ-ն ընդունեց անկախության հռչակագիրը, որով իրենք հայտարարեցին Ադրբեջանի 1-ին Հանրապետության իրավահաջորդ ԼՂԻՄ-ը՝ որպես այդ ժամանակ դեռևս Ադրբեջանական ԽՍՀ մաս, ԼՂԻՄ-ը դե յուրե իրավունք ստացավ որոշելու իր ճակատագիրը. մնո՞ւմ է ԽՍՀՄ կազմում, Ադրբեջանի ԽՍՀ հետ անջատվո՞ւմ է ԽՍՀՄ-ից, թե՞ գնում անկախության ճանապարհով: Ընտրվեց 3-րդ տարբերակը և սեպտեմբերի 2-ին ընդունվեց անկախության հռչակագիրը։
Հավելենք նաև, որ ԼՂՀ-ում հանրաքվեն տեղի ունեցավ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, որտեղ արցախահայության բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախացմանը։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել