.png)
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ամփոփում է անցնող շաբաթվա ընթացքում հերքված մի շարք տեղեկություններ, որոնք առնչվում են ՀՀ կառավարության գործունեությանը
Մելիք Մանուկյանի եղբորը բերման ենթարկելիս` ոստիկանությունը գործել է իրավաչափ
Օգոստոսի 5-ին մամուլում տարածվել էր մի հայտարարություն, ըստ որի՝ «Ձերբակալվել և Կոտայքի մարզային ոստիկանության բաժանմունքում ծեծի է ենթարկվել ԱԺ նախկին պատգամավորներից մեկի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը»: Հրապարակվել էին նաև ձերբակալվածի մարմնի տարբեր մասերի լուսանկարներ, որոնցում երևում են կարմրավուն հետքեր։
Այս մասին ՀՀ ոստիկանությունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ նշելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները այցելել էին կասկածյալի բնակության հասցե՝ նրան բերման ենթարկելու համար։ Տղամարդը, սակայն, դրսևորել էր ոչ իրավաչափ վարքագիծ ու չէր ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ուստի ոստիկանները ստիպված ֆիզիկական ուժ էին կիրառել՝ հիշյալ տղամարդուն բաժին բերման ենթարկելու համար։
«Ոստիկանության մասին ՀՀ օրենքի» համաձայն՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում ոստիկանության ծառայողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ: Հետևաբար ոստիկանները գործել են իրավաչափ և բերման ենթարկվողի գործողություններին համաչափ ուժ են կրառել։
Հարկ է նշել նաև, որ ֆիզիկական ուժ կիրառվել է բացառապես նրան մեքենա նստեցնելիս և մեքենայից ոստիկանության Կոտայքի բաժին տեղափոխելիս։ Տեսագրությունում ակնհայտ երևում է, որ առանց ուժի կիրառման ոստիկանության ծառայողները չէին կարող կատարել օրենքով իրենց վերապահված պարտականությունը։
Թվաբանական սխալ հաշվարկներ. արդյունքը՝ Հայաստանի արտաքին պետական պարտքի մասին ապատեղեկատվություն
Շաբաթվա սկզբին ՀՀ կառավարությունը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր տարածել, որ 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում և, որ 2019-ի հունիսի դրությամբ վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով:
Օգոստոսի 7-ին, լրատվականներից մեկը, անդրադառնալով այս տեղեկությանը, «Վերջին 15 ամիսների ընթացքում արտաքին պարտքը չի նվազել 120 մլն դոլարով» վերտառությամբ նյութ հրապարակեց՝ Կառավարությանը մեղադրելով մանիպուլյացիայի համար։
Հարկ է նշել, որ վերոհիշյալ հրապարակման մեջ կար թվաբանական պարզագույն սխալ: Մասնավորապես՝ 15 ամիսների պարտքի դինամիկան հաշվելու համար, որպես սկզբնական կետ, վերցված էր 2018թ-ի ապրիլի 30-ի տվյալը և այն համեմատվել էր 2019թ-ի հունիսի 30-ի տվյալի հետ: Մինչդեռ այդ դեպքում վերցված ժամանակահատվածը ստացվում է 14 ամիս, այլ ոչ թե՝ 15, ինչպես որ ներկայացված է կառավարության հրապարակած տեղեկատվության մեջ:
Ճիշտ հաշվարկ կատարելու համար՝ անհրաժեշտ էր դիտարկել 2019 թվականի հունիսի 30-ի դրությամբ արտաքին պետական պարտքի ցուցանիշը (5.456 մլրդ դոլար) 2018 թվականի առաջին եռամսյակի ավարտին՝ մարտի 31-ի (5․575 մլրդ դոլար) ցուցանիշի հետ։
Արմեն Գրիգորյանը չի կարող առաջադրվել Արցախի ընտրություններին. հերքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ստեփանակերտում ունեցած ելույթում, հիշատակեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի անունը՝ նշելով, որ վերջինս, ապրիլյան հեղափոխության օրերին հաշվառված լինելով Արցախի Մարտունի համայնքում, հեղափոխությանը մասնակցել է որպես Արցախի Հանրապետության քաղաքացի։
Այս խոսքերից հետո լրատվականերում հայտնվեցին հրապարակումներ այն մասին, թե վարչապետ Փաշինյանը Բակո Սահակյանի փոխարեն Արցախի Հանրապետության նախագահի դերում տեսնում է հենց Արմեն Գրիգորյանին։
Արմեն Գրիգորյանը, սակայն, կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում հերքեց այդ լուրերը՝ նշելով, որ հարցի ամբղջական պատասխանը տալիս է Արցախի Սահմանադրությունը:
Համաձայն սահմանադրության՝ ՀՀ-ում գրանցված որևէ անձ իրավունք չունի մասնակցել Արցախի ընտրություններին, իսկ ինքը՝ Արմեն Գրիգորյանը, գրանցված է Հայաստանում։
Հատուկ քննչական ծառայությունը BBC֊ին որևէ տեղեկատվություն չի տրամադրել․ ՀՔԾ-ի պարզաբանումը
Օգոստոսի 7-ին BBC-ի ռուսական ծառայությունը հոդված էր հրապարակել 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած հետընտրական գործընթացների մասին, որտեղ նշվում էր, որ իրենց մոտ են հայտնվել մարտի 1-ի գործի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության փաստաթղթեր, որոնք փաստում են՝ ցուցարարների վրա կրակել է Արցախից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ։
Այս առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ իրենց կողմից BBC֊ի ռուսական ծառայությանը որևէ տեղեկատվություն չի տրամադրվել։ Ավելին, դեռևս ս.թ հուլիսի 7-ին BBC֊ին հարցում էր ուղարկել ՀՔԾ՝ մարտի 1֊ի գործով որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով, սակայն կառույցը որևէ տեղեկատվություն չէր տրամադրել՝ նախաքննության շահերից ելնելով:
Հավելենք նաև, որ ՀՔԾ-ում արդեն իսկ կա հարուցված քրեական գործ՝ նախաքննության տվյալների հրապարակման դեպքերի առիթով։
Միացյալ Թագավորության՝ «Ստամբուլյան կոնվենցիան» չվավերացնելու իրական պատճառներն ու միֆերը
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վերաբերյալ մամուլում տարածվել էր տեղեկություն, թե առանձին եվրոպական երկրներ (օրինակ՝ Միացյալ Թագավորությունը) այդպես էլ չեն վավերացրել կոնվենցիան, և որ ԵՄ կառույցները «տարակուսանքի մեջ՝ հարկադրված դիմում են դատարան»։
Այս առիթով Արդարադատության նախարարությունը հերթական անգամ հանդես եկավ պարզաբանմամբ՝ նշելով, որ ՄԹ-ն մի շարք ոլորտներում արդեն իսկ ունի համապատասխան միասնական իրավական կարգավորումներ, նաև այնպիսի հանցագործությունների տեսակների համար, որոնք նախատեսված են կոնվենցիայով։
ՄԹ-ի օրինակում չվավերցման պատճառը երկրի և դրա ողջ տարածքում ազգային օրենսդրության համապատասխանեցման բարդ խնդիրն է, որի բարդությունը պայմանավորված է նաև այն բազմաթիվ փոքր կղզիների և Բրիտանական 14 անդրծովյան տարածքների առկայության փաստից, որոնք չունեն ինքնավարություն և գտնվում են ՄԹ իրավազորության տակ, այսինքն՝ կոնվենցիայի իմաստով համարվում են ՄԹ:
Ինչ վերաբերում է ԵՄ պառլամենտի՝ Արդարադատության դատարան դիմելուն, նշվում է, որ հեղինակավոր կառույցի այս որոշումը պայմանավորված է եղել բացառապես իրավական ընթացակարգային հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու միտումով:
Կոնվենցիայի վերաբերյալ այլ փաստարկներն ու հակափաստարկները այստեղ։
Իջևանում ընտրությունների օրվա նշանակումը կապված չէր ապօրինի անտառահատման արգելքի հետ
Օգոստոսի 9-ին թերթերից մեկը հոդված էր հրապարակել, որում անդրադարձել էր Տավուշի մարզի Իջևան և Խաշթառակ համայնքների ընտրությունները տարբեր օրեր նշանակելու հանգամանքին։ Ըստ լրատվամիջոցի` Իջևանում կայանալիք ընտրությունների օրը հետաձգվել է, քանի որ իջևանցիների մոտ դեռևս թարմ է «անտառային պատերազմի» հիշողությունը, իսկ եթե ընտրությունները կայանան ձմռանը, Նիկոլ Փաշինյանի թեկնածուն հաղթելու ավելի մեծ շանսեր կունենա։
Պարբերականը այս կասկածները հիմնավորում էր՝ նշելով, որ Իջևանում նախորդ ընտրությունները եղել են 2015 թվականի սեպտեմբերի 13-ին, իսկ Խաշթառակինը՝ սեպտեմբերի 20-ին։ 2019-ի համար Խաշթառակում ընտրությունները նշանակվել են սեպտեմբերի 29-ին, մինչդեռ Իջևանինը՝ դեկտեմբերի 8-ին։
Երկու այս համայնքներում հերթական ընտրությունների՝ տարբեր օրերի անցկացումը ունի բոլորովին այլ պատճառ, քան ներկայացրել է լրատվականը։
Այսպես, 2015 թվականի սեպտեմբերի 20-ի ընտրություններից հետո Խաշթառակ համայնքի ղեկավարը լիազորությունները ստանձնել է 5 օր անց՝ սեպտեմբերի 25-ին, մինչդեռ Իջևանի ղեկավարը՝ դեկտեմբերի 22-ին՝ 3 ամիս անց։ Պաշտոնի «ուշացումով» ստանձնելու պատճառն այն է, որ Իջևանում կայացած նախորդ (2015թ.) ընտրություններում ղեկավարը իր լիազորությունները ստանձնել է հենց դեկտեմբերի 22-ին։ Հետևաբար՝ Իջևանի ներկայիս համայնքապետ Վարդան Ղալումյանը չէր կարող ստանձնել լիազորություններն ավելի վաղ, քան նախորդ ժամկետի լրացումն է։
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քվեարկության օրը պետք է լինի մինչև լիազորությունների ժամկետի լրանալը ԿԸՀ-ի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը: Ընտրությունները նշանակում է մարզպետը՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:
Առավել մասնրամասն՝ այստեղ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել