
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիայի) վերաբերյալ մամուլում պարբերաբար հնչում են մի շարք տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Դրանց վերաբերյալ Հայաստանի Արդարադատության նախարարությունը հանդես է եկել որոշակի փաստարկներով։
Խոսքը, մասնավորապես, հնչող այն փաստարկի մասին է, թե առանձին եվրոպական երկրներ այդպես էլ չեն վավերացրել կոնվենցիան (օրինակ՝ Միացյալ Թագավորությունը), և որ հենց ԵՄ կառույցներն են տարակուսանքի մեջ ու հարկադրված դիմում են դատարան։
Այս առումով Արդարադատության նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ.
«Հիմնական պատճառը, որը դանդաղեցնում է Միացյալ Թագավորության կողմից կոնվենցիայի վավերացումը, համապատասխանությունն է կոնվենցիայի 44-րդ հոդվածին (Արտատարածքային իրավազորությունը-Extraterritory Jurisdiction), ինչը նշանակում է, որ ամբողջ Թագավորության տարածքներում օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ունենալ մեկ միասնական օրենսդրական դաշտ:
ՄԹ մի շարք ոլորտներում արդեն իսկ ունի համապատասխան միասնական իրավական կարգավորումներ, նաև այնպիսի հանցագործությունների տեսակների համար, որոնք նախատեսված են կոնվենցիայով (հարկադիր ամուսնություն, ամլացում, ստերջացում և այլն), սակայն որոշ ոլորտներում, ինչպիսիք են ընտանեկան բռնության որոշ տեսակները, բռնաբարությունը, սեռական ոտնձգությունները, դեռ մեծածավալ աշխատանք կա իրականացնելու: Միաժամանակ, իրավասությունների վերաբերյալ Կառավարության քաղաքականության համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկումն ու դատավճռի կայացումն իրականացնում է ՄԹ այն առանձին պետության քրեական դատարանը, որի տարածքում իրականացվել է հանցանքը: Ուստի, այս առումով ևս հսկայական աշխատանք պետք է իրականացվի՝ 44-րդ հոդվածը լիարժեք կիրարկելու համար:
Այլ կերպ ասած՝ ՄԹ օրինակում չվավերցման պատճառը Թագավորության և դրա բոլոր տարածքներում ազգային օրենսդրության համապատասխանեցման բարդ խնդիրն է, որի բարդությունը պայմանավորված է նաև այն բազմաթիվ փոքր կղզիների և Բրիտանական 14 անդրծովյան տարածքների առկայության փաստից, որոնք չունեն ինքնավարություն և գտնվում են ՄԹ իրավազորության տակ, այսինքն՝ կոնվենցիայի իմաստով համարվում են ՄԹ: Բացի այս, ավանդական հասարակության և պահպանողականության հանգամանքներին հղում կատարողներն առնվազն պետք է նաև հրապարակեն փաստերը, որ ՄԹ-ում օրենքով արտոնված են միասեռ ամուսնությունները դեռևս 2014 թ-ից, իսկ Որդեգրման և երեխաների մասին ակտի համաձայն միասեռ ամուսինները կարող են երեխա որդեգրել դեռևս 2002թ-ից:
Հակափաստարկ N 2. 2017 թվականի հունիսի 13-ին ԵՄ Հանձնաժողովը ԵՄ անունից ստորագրել է կոնվենցիան՝ հիմք ընդունելով Խորհրդի 2017 թվականի մայիսին ընդունված երկու որոշումները, որոնցից մեկը վերաբերել է փախստականների ու նրանց չվերադարձելիության հարցերին, իսկ մյուսը՝ քրեական գործերով դատական համագործակցության հարցերին:
2019 թվականի ապրիլին Եվրոպական պառլամենտում հարց է բարձրացվել, թե արդյոք իրավական հիմքերի տեսանկյունից Խորհրդի երկու որոշումներ պետք է դրվեն կոնվենցիային միանալու հարցի հիմքում և ոչ թե` մեկը: Ուստի, ԵՄ պառլամենտը դիմել է Արդարադատության դատարան և խնդրել Դատարանին մեկնաբանել իրավական անորոշությունը, թե արդյոք կոնվենցիային միանալը (accession) համապատասխանում է ԵՄ հիմնական համաձայնագրերին այն տեսակետից, որ արդյոք չի առաջացնում իրավական հիմքի ընտրության հարց՝ Խորհրդի երկու որոշմամբ կոնվենցիայի ստորագրման (signing) և ամփոփման/վավերացման (conclusion) առումով:
Ավելին, ԵՄ խորհրդարանի կողմից հաստատված նույն փաստաթղթում, տեքստի գործառնական մասում (ոչ նախաբանի) հղում է կատարվում ԵՄ խորհրդարանի 2017 թվականի սեպտեմբերի 12-ի ընդլայնված բանաձևին, որում խորհրդարանը կոչ է անում ԵՄ անդամներին միանալ Կոնվենցիային՝ առանց սահմանափակումների և ձգձգումների:
Այլ կերպ ասած՝ ԵՄ պառլամենտը դատարան է դիմել բացառապես իրավական ընթացակարգային հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար:
Կոնվենցիայի վերաբերյալ այլ փաստարկներն ու հակափաստարկները՝ այստեղ»։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել