
Օրերս Հայաստանի կառավարությունը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկություն տարածեց, որ 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում:
2019-ի հունիսի դրությամբ վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով:
Այսօր՝ օգոստոսի 7-ին, լրատվականներից մեկը, անդրադառնալով այս տեղեկությանը, «Վերջին 15 ամիսների ընթացքում արտաքին պարտքը չի նվազել 120 մլն դոլարով» վերտառությամբ նյութ է հրապարակել՝ ՀՀ կառավարությանը մեղադրելով մանիպուլյացիայի համար։
Հարկ է նշել, որ վերահիշյալ հրապարակման մեջ կա թվաբանական սխալ: Մասնավորապես՝ 15 ամիսների պարտքի դինամիկան հաշվելու համար որպես սկզբնական կետ վերցված է 2018թ-ի ապրիլի 30-ի տվյալը և այն համեմատվել է 2019թ-ի հունիսի 30-ի տվյալի հետ: Մինչդեռ այդ դեպքում վերցված ժամանակահատվածը ստացվում է 14 ամիս, այլ ոչ թե՝ 15, ինչպես որ ներկայացված է կառավարության հրապարակած տեղեկատվության մեջ:
Ճիշտ հաշվարկ կատարելու համար, որպես սկզբնակետ, պետք էր դիտարկել 2018թ-ի մարտի վերջի ցուցանիշը, քանի որ յուրաքանչյուր ամսվա համար ներկայացված է տվյալ ամսվա վերջին օրվա դրությամբ արձանագրված ցուցանիշը:
Այսինքն՝ անհրաժեշտ է դիտարկել 2019 թվականի հունիսի 30-ի դրությամբ արտաքին պետական պարտքի ցուցանիշը (5.456 մլրդ դոլար) 2018 թվականի առաջին եռամսյակի ավարտին՝ մարտի 31-ի (5․575 մլրդ դոլար) ցուցանիշի հետ։
Կառավարության հրապարակած թվային գրաֆիկից նաև երևում է, որ 2015 թվականից սկսած ՀՀ արտաքին պետական պարտքը անդադար աճել է՝ 2018 թվականի առաջին եռամսյակին հասնելով իր ամենաբարձր ցուցանիշին՝ 5․575 մլրդ դոլարի։ Այս կետից հետո հստակ ուրվագծված է աճի տեմպի, ինչպես նաև ընդհանուր պարտքի նվազում։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել