
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ներկայացնում է վերջին շրջանում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները
1. Հայաստանի արտաքին պահուստների պատմականորեն ամենաբարձր մակարդակը գրանցվել է ոչ թե 2013 թվականին, այլ 2019-ի հոկտեմբերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել, որտեղ անդրադառնալով Հայաստանի արտաքին պահուստներին՝ նշել էր, որ 2019 թվականին գրանցել ենք պատմականորեն ամենաբարձր մակարդակը։
Լրատվականներից մեկը, անդրադառնալով այս հայտարարությանը, համեմատել էր Հայաստանի արտաքին պահուստների տարբեր ժամանակների տվյալները և պնդել, թե վարչապետի ներկայացրած տվյալը սուտ է և, որ արտաքին պահուստների ամենաբարձր մակարդակը գրանցվել էր 2013 թվականին սեպտեմբերին՝ 2 մլրդ 430 մլն դոլար ցուցանիշով։
Նյութի հեղինակը հանգել էր այդ եզրակացությանը՝ համեմատելով 2013 թվականի սեպտեմբերի տվյալը 2019 թվականի նոյեմբեր ամսվա տվյալի հետ, որը կազմել էր 2 մլրդ 375 մլն դոլար։
Այն ինչ, վարչապետը, արտաքին պահուստների մասին խոսելիս ներկայացրել էր այդ պահին արդեն ամփոփված՝ 2019 թվականի հոկտեմբերի տվյալները, որոնք կազմել են 2 միլիարդ 468 մլն դոլար, որն ավելի բարձր է քան նյութի հեղինակի վկայակոչած 2013 թվականի սեպտեմբերի ցուցանիշը։
2. Հակոբ Արշակյանը բանվորներին աշխատավարձից զրկելու մասին հայտարարություն երբեք չի արել
Վերջին շրջանում մամուլում տարածվեց «Նաիրի ՃՇՇ» ճանապարհաշինարարական ընկերության աշխատողների այն հայտարարությունը, թե Տրանսպորտի և կապի նախարարույան նախկին նախարար Հակոբ Արշակյանը, որն այն ժամանակ կանոնակարգում էր ճանշին ոլորտը, ասել է, իբր բանվորներին զրկելու է աշխատավարձից՝ անորակ աշխատանքի համար և, որ մինչև հիմա իրենց կատարած աշխատանքի համար աշխատակիցները չեն վարձատրվել։ Ըստ տարածված տեղեկության՝ Տրանսպորտի նախարարության և «Նաիրի ՃՇՇ»-ի միջև 2015-ից կնքված պայմանագրի չեղարկման պատճառը եղել է մի քաղաքացու կողմից նկարահանված և համացանցում տարածած այն տեսանյութը, որտեղ երևում էր, թե ինչպես են ճանշինի բանվորները թաց եղանակին փոսեր լցնում Երեւան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին։
Անդրադառնալով այս տեղեկությանը ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտնեց, որ «Նաիրի ՃՇՇ»-ն՝ սպասարկելով հանրապետական նշանակության 3 ճանապարհահատվածներ, պատշաճ չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, արձանագրվել են տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցի պահանջների խախտումներ, որոնք մի քանի անգամ զգուշացումներից հետո սահմանված ժամկետում չեն վերացվել:
Նախարարությունը նշել է նաև, որ խնդիրը միայն խոնավ հիմքի վրա փոսային նորոգման փաստը չէ: Ընկերությունը ընթացիկ ձմեռային և ամառային պահպանման աշխատանքների կատարման, ճանապարհներից և հարակից տարածքներից աղբի հեռացման, ճանապարհի կողային հատվածների հարթեցման, ճանապարհային նշանների վերականգնման և այլ գործառույթներ ևս ընկերության կողմից կամ չեն կատարվել, կամ իրականացվել են խախտումներով, դանդաղ տեմպերով։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները որոշում է կայացվել չեղարկել ընկերության հետ պայմանագիրը։
Ինչ վերաբերում է Հակոբ Արշակյանի «հայտարարությանը», թե «Նաիրի ՃՇՇ» ԲԲ ընկերության բանվորներին զրկելու է աշխատավարձից, ապա պետք նշել, որ Հակոբ Արշակյանը նման հայտարարություն անել չէր կարող, քանի որ նախարարությունը «Նաիրի ՃՇՇ» շինարարական կազմակերպության բանվորների աշխատավարձի վճարման հետ որևէ առնչություն չունի։ Աշխատավարձերի վճարումն իրականացվում է «Նաիրի» շինարարական կազմակերպության կողմից և այն նախարարության ենթակայության տակ գտնվող կառույց չէ։
Առավել մանրամասն՝ այստեղ։
3. Երևանից Ղրիմ չվերթներ բացվելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը
Շաբաթվա ընթացքում մամուլում լուրեր տարածվեցին, թե ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) ավիաընկերությունը շաբաթական 7 թռիչք է իրականացնելու Երևանից դեպի Ղրիմ՝ Սիմֆերոպոլ։
Այս տեղեկությունը, սակայն, իրականությանը չէր համապատասխանում։
Այս կապակցությամբ Քաղաքացիական ավիացիան հայտնեց, որ ավիաընկերության հետ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, հայտ չի ներկայացվել, հետևաբար կանոնավոր թռիչքների մասին պայմանավորվածություն ևս չկա։
Հիշեցնենք, ավելի վաղ մամուլում տեղեկություն տարածվեց, որ «Իկար» ավիաընկերությունը շաբաթական 7 թռիչք է իրականացնելու Երևանից դեպի Ղրիմ՝ Սիմֆերոպոլ։
4. 13-րդ կեսանթոշակ չի լինելու
Համացանցում մի հրապարակում էր տարածվել, որտեղ օգտատերը՝ անդրադառնալով թոշակառուներին 13-րդ կենսաթոշակ հատկացնելու անհրաժշտությանը, ասել էր, որ սոցիալական արդարությունը վերականգնելու համար պետք է հենց այս տարի 13-րդ թոշակ ստանան բոլոր թոշակառուները։
Այս գրառումը որոշ լրատվականներ տարածել էին, և տեղեկությունն այնպես էր ընկալվել, թե թոշակառուները 13-րդ թոշակ են ստանալու:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հերքեց այդ լուրը՝ նշելով, որ 13-րդ կեսանթոշակի մասին տարածված տեղեկությունը կեղծ է։
5. Հայաստանը Բաթումիի նավահանգիստը գնելու մտադրություն չունի
Դեկտեմբերի 18-ին մամուլում լուր էր տարածվել, թե Վրաստանի կառավարությունը վաճառքի է հանել Բաթումիի նավահանգիստը՝ 600 մլն դոլարով և, իբր Հայաստանի կառավարությունը ցանկանում է գնել այն։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ կառավարությունը նավահանգիստ գնելու մտադրություն չունի։
6. Ադրբեջանի ՀԿ ներկայացուցիչների և Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հանդիպումները բանակցային գործընթացի վատ որևէ ազդեցություն ունենալ չեն կարող
Լայն քննարկման առիթ դարձավ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գրոս Զաքարիայի հանդիպումն այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հասարակական կազմակերպության ղեկավարի հետ։ Դեսպանը՝ վերջինիս հետ հանդիպումից հետո համացանցում հրապարակում էր արել՝ հույս հայտնելով, որ հաջորդ հանդիպումը «ԼՂ մարզում կկայանա»։
Այս հանդիպումը լրատվականներում մտահոգության տեղիք էր տվել, թե այն կարող է ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքեց այս տեղեկությանը, նշելով, որ Ադրբեջանի քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումները Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հետ որևէ ազդեցություն չեն կարող ունենալ և փոխել բանակցությունների առկա իրականությունը:
7. ՊՊԾ սպասարկող ավտոմեքենան գնվել է 2018 թվականի ապրիլի 6-ին՝ մինչ Փաշինյանի վարչապետ դառնալը
Մամուլում մի քանի օր է ինչ շրջանառվում են լուրեր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 թվականի արտադրության Nissna X-trail մակնիշի ավտոմեքենա։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով թեմային, նշել էր, որ այդ մեքենան չի գնվել Մարիամ Փաշինյանի համար, այլ գնվել է Պետական պահպանության ծառայության համար, որպեսզի վերջինս իրականացնի օրենքով սահմանված հատուկ պահպանվող անձանց նկատմամբ պահպանությունը։
Ինչ վերաբերվում է մեքենայի տարեթվին՝ վարչապետը նշեց, որ այն գնվել է ոչ թե 2019 թվականին` իր դստեր ընտրությամբ, այլ դեռևս 2018 թվականի ապրիլի 6-ին, «երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի»։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել