
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ամփոփում է շաբաթվա ընթացքում մամուլում հայտվնած խնդրահարույց և կեղծ տեղեկությունները։
Թուրքական ԶԼՄ-ները նենգափոխել էին Շվեդիայի ԱԳ նախարարի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին
Շաբաթվա մեկնարկին թուրքական և ադրբեջանական լրատվադաշտը լի էր տեղեկատվությամբ, թե Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրյոմը հուլիսի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «իրենց կառավարության համար դժվար է ճանաչել 1915թ. հայերի և ասորիների ցեղասպանության մասին պնդումները», և իբրև թե ավելացրել էր, որ որևէ երկրի ցեղասպան հայտարարելու համար հիմնավոր ապացույցներ են անհրաժեշտ:
Շվեդիայի ԱԳՆ խոսնակ Էլին Թիբելլը, հարցմանն ի պատասխան, նշել էր, որ նախարարը նման հայտարարությամբ հանդես չի եկել։ Հարցման պատասխանում նա տեքստային տարբերակով մեջբերել է մամուլի ասուլիսի ընթացքում նախարարի խոսքը.
«Այն հարցերը, թե ինչպես պետք է որևէ կառավարություն որակի պատմական զանգվածային բռնությունները, պարունակում են միջազգային իրավունքի, ինչպես նաև սահմանադրական, քրեական և քաղաքական ասպեկտներ: Նախկինում բազմիցս ասել եմ, որ սա բարդ հարց է: Ելնելով խնդրի բարդ էությունից՝ կառավարությունը մի քանի տարի առաջ խնդրել է փորձագետի ուսումնասիրել այս հարցը: Իր զեկույցում փորձագետը նշել է, որ քանի որ հարցը շատ բարդ է, կառավարությունների մեծ մասը նախընտրում է պատմական զանգվածային բռնությունները ցեղասպանություն չանվանել»:
Տաթևիկ Ռևազյանը իր աշխատասենյակից որևէ ներդրողի «դուրս չէր հրավիրել»
Հուլիսի 9-ին լրատվամիջոցները գրեցին, թե Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերջերս իր աշխատասենյակից դուրս է հրավիրել պոտենցիալ ներդրողի, որը պատրաստակամություն է հայտնել Երևանից դեպի Եվրոպա երկու ուղղություններով կանոնավոր թռիչքներ կազմակերպել։
Հայաստանի քաղաքացիական ավիացիան այս առիթով հայտնց, որ Տաթևիկ Ռեվազյանը ամեն օր ունենում է բազմաթիվ հանդիպումներ, սակայն որևէ մեկին երբևիցե իր աշխատասենյակից դուրս չի հրավիրել, առավել ևս, երբ խոսքը գնում է ավիացիոն ոլորտում ներդրումներ կատարելու մասին։
Ավիացիայի կոմիտեն նաև հավելել էր, որ ողջունում է բոլոր տեսակի ներդրումային ծրագրերը՝ կապված ավիացիայի զարգացման հետ և իր պատրաստակամությունն ու աջակցությունն է հայտնում նման նախաձեռնություններին:
Առավել մանրամասն՝ այստեղ։
Թուրքիա S-400-ի պահեստամասեր չի ուղարկվել. հերքում
Հուլիսի 8-ին թուրքական որոշ լրատվամիջոցներ, հղում տալով ռուսական աղբյուրներին, հրապարակել էին տեղեկություն, ըստ որի` Թուրքիային մատակարարվելիք ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի պահեստամասերը բեռնափոխադրող ինքնաթիռով արդեն ուղարկվում են Թուրքիա:
Թուրքական մի շարք կայքեր հրապարակել էին լուսանկար, որում իբր պատկերված են վերոնշյալ պահեստամասերը՝ բեռնման պահին: Լուսանկարների ուսումնասիրության արդյունքում պարզ էր դարձել, որ պատկերված են ոչ թե պահեստամասեր, այլ ամբողջական ՀՕՊ համակարգեր: Ընդ որում՝ դրանց արտաքին տեսքից ակնհայտ է, որ ոչ թե S-400, այլ S-300 համակարգեր են:
Հավելենք նաև, որ տեղադրված լուսանկարն արվել է նախորդ տարի և դրանում պատկերվածը Ռուսաստանի կողմից Սիրիային ուղարկված S-300 համակարգերն են:
Սևանա լճի ափամերձ հատվածում կենդանատեսակների անկումը կապված չէ լճի ծաղկման հետ
Սևանա լճի ափամերձ հատվածում՝ Կարճաղբյուր, Ծովինար, Կարմիրգյուղ եւ Արտանիշ գյուղերում՝ 2019 թվականի հուլիսի 5-ից 7-ի ընթացքում, գրանցվել էին խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր։
Լրատվամիջոցներում հայտնվեց գյուղացիների բողոքն այն մասին, թե կովերի անկման դեպքերը կապված են եղել Սևանա լճի «ծաղկման» արդյունքում առաջացած ինֆեկցիաների հետ։
Հուլիսի 12-ին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրապարակեց Սևանա լճից վերցված լաբորատոր հետազոտության արդյունքները, որի համաձայն
փորձանմուշներում որևէ ինֆեկցիա չէր հայտնաբերվել:
Տեսչական մարմիններում ծառայողական մեքենաներ չեն ավելանալու
Օրեր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, թե Կառավարության՝ հուլիսի 11-ի նիստի օրակարգում ընդգրկված է չզեկուցվող մի նախագիծ, համաձայն որի՝ 91 ծառայողական մեքենա է տրամադրվելու Կառավարությանը ենթակա տեսչական մարմիններին։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուրարդ Աղաջանյանը հայտնեց, որ Կառավարությունն ընդամենը կատարում է մեկ այլ որոշման պահանջ, որը սահմանում է պետական մարմինների ավտոմեքենաների առավելագույն թիվը։
Տեսչական մարմինների՝ մինչ այս պահը ձևավորման փուլում գտնվելու պատճառով իրենց կողմից օգտագործվող ավտոմեքենաների թիվը (որը ևս կրճատվել է անսարք մեքենաների դուրս գրման արդյունքում) կառավարության որոշմամբ դեռևս հաստատված չէ։
Այսպիսով կատարվում է կառավարության համապատասխան որոշման պահանջը և երաշխավորվում՝ տեսչական մարմիններում ավտոմեքենաների ավելացման բացառումը։
Պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը
Հուլիսի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածվեց տեղեկատվություն, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Չինարի և Մովսես գյուղերի մերձակայքում տեղակայված դիրքերից կրակոցներ են արձակել Ադրբեջանական ԱՀ Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղատնտեսական տեխնիկա։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց տարածված տեղեկությունը, նշելով, որ այն ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է:
«Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվող ֆիլմը ադրբեջանական չէր
Հուլիսի 11-ին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում էր տեղեկություն, թե «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի շրջանակում ցուցադրվելու է ադրբեջանական ֆիլմ։ Տեղեկությունը, սակայն, չէր համապատասխանում իրականությանը։
Փառատոնի կազմակերպչական խումբը տեղեկացրեց, որ խնդրո առարկա դարձած «Մոլոկաններ» ֆիլմը ամբողջությամբ նվիրված է ազգային փոքրամասնություն հանդիսացող մոլոկաններին, իսկ ֆիլմի ռեժիսորը ազգությամբ կալմիկ, ՌԴ քաղաքացի Սագլարա Տյուրբեևան է։
Սրանից բացի, պետք է նշել, որ ֆիլմը նկարահանված չէ որևէ պետական ֆինանսավորմամբ և ամբողջությամբ ապաքաղաքական է։ Ադրբեջանի հետ այս ֆիլմը կապված է միայն այնքանով, որ գյուղը, որտեղ կատարվել են նկարահանումները, գտնվում է Ադրբեջանում։ Ֆիլմի ստեղծագործական ողջ կազմը ևս ներկայացնում է ռուսական կողմը:
Հայտարարած մրցույթում DJ Վակցինային պատկանող ընկերությունը հաղթել է, քանի որ ներկայացրել է ամենացածր գնային առաջարկը
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ընկեր՝ Արուսիկ Մկրտչյանի (Dj Վակցինա) հիմնադրած «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» ընկերության հետ պայմանագիր է կնքել, և վերջինիս փոխանցել է մոտ 20 հազար ԱՄՆ դոլար։ Թերթը հարցադրում էր կատարել. «արդյո՞ք նախարարը պետական միջոցները դիջեյին հատկացրել է իր PR-ը անելու համար»։
Առողջապահության նախարարությունը այս առիթով հայտնել էր, որ նախարարության կարիքների համար` հեռուստատեսային ծառայությունների ձեռքբերման նպատակով, «2019 թվականի ՀՀ պետական բյուջեի ծխելու դեմ պայաքարի ազգային ծրագրի» շրջանակներում իրականացվել է գնման գործընթաց` www.armeps.am էլեկտրոնային համակարգում` «ՀՀ ԱՆ ԳՀԾՁԲ-2019/21» ծածկագրով:
Գնման հայտ էին ներկայացրել 3 կազմակերպություններ, որոնցից շահել էր «Ին Փրոգրեսս Փրոդքաշն»-ը, քանի որ ներկայացրել էր համապատասխան գնային առաջարկ և համապատասխանել է սահմանված պահանջներին:
Սուրեն Պապիկյանը կուսակցական շահադրդումով համակարգից աշխատակիցներ չի հեռացրել
Մամուլում գրվեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարել է պետական կառավարման համակարգից հեռացնել նախկին իշխանության հետ փոխկապակցված անձնանց և նրանց փոխարեն համալրել ՔՊ կուսակցության անդամներով։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը այս առիթով հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում թափուր հաստիքները համալրվում են բացառապես ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ զերծ կուսակցական կամ որևէ այլ կորպորատիվ պատկանելության շահադրդումից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով մեկնել էր Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 5-ին վարչապետ Փաշինյանը հանդիպում էր ունեցել Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ, իսկ հուլիսի 6-ին՝ Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ:
Վիետնամի նախագահը չէր հանդիպել Նիկոլ Փաշինյանին՝ առողջական խնդիրների պատճառով
Հուլիսի 9-ին լրատվականները մտահոգություն էին հայտնում, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի հանդիպել Վիետնամի նախագահի՝ Նգուեն Ֆու Չոնգի հետ։ ԶԼՄ-ները անգամ նշում էին, թե իբր Վիետնամի նախագահը չի ընդունել Նիկոլ Փաշինյանին, քանի որ այնտեղ այցը վերջին պահին, հապճեպ նախաձեռնած էր եղել։
Իրականում Վիետնամի նախագահ Նգուեն Ֆու Չոնգը բավականին երկար ժամանակ է, ինչ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում հասարակական գործունեություն ծավալել և երևալ հանրության առաջ։ Նախագահը օտարերկրյա պատվիրակության և ոչ մի ներկայացուցչի հետ պաշտոնական հանդիպումներ վաղուց արդեն չի ունեցել։
Մի քանի ամիս առաջ, անգամ, քննարկվում էր ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպումը, որին, նույնպես, Նգուեն Ֆու Չոնգը, առողջական վիճակի վատթարացման պատճառով, չի մասնակցի։ Պաշտոնական նմանօրինակ կարևոր հանդիպումներին, որպես կանոն, մասնակցում է երկրի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանը։
Այսպիսով, կարող ենք ասել, որ լրատվամիջոցների պնդումները, թե Վիետնամի վարչապետը չի ընդունել Նիկոլ Փաշինյանին՝ հապճեպ կատարված այցի պատճառով, չի համապատասխանում իրականությանը։
Առավել մանրամասն՝ այստեղ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել