
Վերջին տարիներին աշխարհում մեծ թափ են առել կեղծ տեղեկությունները (fake news), ինչին, իբրև հակազդող ուժ, զարգանում է փաստերի ստուգումը (Fact-checking)։ Երբեմն նույնիսկ բարեխիղճ լրագրողներն են հայտնվում կեղծ տեղեկատվության ազդեցության տիրույթում և ակամայից դառնում դրա տարածողը։
Այս առումով կարևոր է, որ ցանկացած լրագրող տիրապետի փաստերի ստուգման մի շարք պարզ գործիքների, որոնք կօգնեն հեշտ և արագ ստուգել տեղեկատվության ճշմարտացիությունը։
Fotoforensics ծրագիրի միջոցով կարող ենք պարզել լուսանկարի իսկությունը։ Գործիքը ցույց է տալիս լուսանկարի այն հատվածները, որտեղ եղել է արտաքին միջամտություն (ֆիլտրեր, ֆոտոշոփ և այլն)։ Բացի դրանից, ծրագիրը վերլուծում է լուսանկարի մետատվյալները, որոնցով կարելի է անգամ հասկանալ, թե որտեղ, երբ և ինչ սարքով է արվել այդ լուսանկարը։ Նմանատիպ գործառույթներ է կատարում նաև Izitru-ը։
Armnic և WhoisMind հավելվածների միջոցով կարելի է մի շարք տեղեկություններ հավաքել կայքի մասին։
DomEye-ը վերլուծում է կայքի՝ Google Analytics-ում ունեցած հատուկ նույնականացման կոդը և ցույց տալիս իրար փոխկապակցված կայքերը։ Այս գործիքով հնարավոր է գտնել ապատեղեկատվություն տարածող կայքերի մի ամբողջ փունջ։
Email-checker-ը ցույց է տալիս էլեկտրոնային հասցեի կարգավիճակը։
Pipl.com-ը թույլ է տալիս ստուգել սոցիալական ցանցի օգտատիրոջ իսկությունը։ Այն, վերլուծելով ցանցային ակտիվությունը, հաստատում կամ հերքում է տվյալ օգտատիրոջ կեղծ լինելը։
Inteltechniques ծրագրի միջոցով կարելի է տեղեկություններ ստանալ տարբեր սոցիալական ցանցերում օգտահաշիվների մասին։ Կայքը պարունակում է բազմաթիվ այլ գործիքներ՝ բաց աղբյուրներից տեղեկատվություն հայթայթելու համար (OSINT - Open Source INTelligence):
InVID-ը տեսանյութի իսկությունը ստուգելու լավ գործիք է։ Այստեղ կարելի է ներբեռնել տեսանյութեր թե՛ Youtube-ից, և թե՛ Facebook-ից։ Հավելվածի միջոցով կարելի է ստուգել տեսանյութի արդիականությունը, գտնել բոլոր այն աղբյուրները, որտեղ այն երբևէ հրապարակվել է։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել