
Համացանցում հաճախ շրջանառվում են մի քանի տարվա վաղեմություն ունեցող հրապարակումներ, որոնք ներկայացվում են որպես նորություն և ապակողմնորոշում հասարակությանը։
Թյուրիմացությունից խուսափելու համար՝ կարևոր է նյութը կարդալուց առաջ ստուգել հրապարակման ամսաթիվը։ Այն սովորաբար հաջորդում է վերնագրին՝ աջ կամ ձախ անկյունում։ Սակայն կան բազմաթիվ կայքեր, որոնցում չի նշվում ամսաթիվը, իսկ հմուտ կեղծարարները կարող են անգամ փոփոխել այն, ինչն ավելի է բարդացնում ստուգումը։
Հրապարակման ճշգրիտ ամսաթիվը կարելի է տեսնել ֆեյսբուքի միջոցով՝ որոնելով հրապարակման վերնագիրը կամ URL կոդը։ Այստեղ կարող ենք տեսնել, թե երբ է այն առաջին անգամ հայտնվել համացանցում։
Եթե օգտվում եք Mozilla Firefox բրաուզերից, ապա սեղմելով մկնիկի աջ կոճակը՝ կարող եք ընտրել «տեղեկություն էջի մասին» բաժինը, որտեղ կտեսնեք վերջին թարմացումները վայրկյանների ճշտությամբ, ինչպես նաև մի շարք այլ կարևոր տեղեկություններ։
Հրապարակման ամսաթիվը կարելի է ստուգել նաև տվյալ էջի HTML կոդի միջոցով։ Կատարելով Ctrl+U հրամանը՝ ձեր առջև կբացվի կայքի HTML կոդը։ Այստեղ կարելի է որոնել meta property, updated_time, published_time կամ modified_time բառերը և տեսնել ժամկետները։
Գուգլը ևս պահում է հրապարակումների մասին տվյալներն ու ժամկետները։ Դրա համար բավարար է մուտքագրել «Inurl։» հրամանը, որից հետո չակերտների մեջ մուտքագրել հրապարակման URL կոդը։ Եթե հրապարակման ամսաթիվը չի երևում՝ ավելացրեք «&as_qdr=y15» հրամանը։ Հրապարակման ժամկետների մասին տեղեկություն կարելի է գտնել նաև գուգլի քեշերից (google cache):
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել