
Քլիքբեյթը (clickbait) հնարք է, որը մեդիայում օգտագործվում է ընթերցողի ուշադրությունը գրավելու և տվյալ հրապարակման վրա սեղմելու (քլիք անելու) համար։
Ժամանակակից զանգվածային լրատվական միջոցները մեծ կախում ունեն դիտումների քանակից, քանի որ դա հետաքրքիր է գովազդատուներին։ Հենց այս նպատակով են հաճախ լրատվականները օգտագործում քլիքբեյթ գլխագրեր, որոնցով լուծում են բարձր դիտելիություն ապահովելու խնդիրը։
Խայծ (bait) պարունակող վերնագրերը հաճախ ճշմարտությունը ներկայացնում են աղավաղված կամ ընդհանրապես կեղծված։ Այս առումով կարևոր է տարանջատել քլիքբեյթ նյութերը սովորական լրատվությունից։
Քլիքբեյթ վերնագրերը բազմաթիվ են և բազմատեսակ։ Հրատապ, շտապ սենսացիա վերնագրերը ամենից տարածվածն են աշխարհում։ Դրանք հաճախ կարելի է տեսնել կետադրական նշանների անհարկի չարաշահումներով՝ «Հրատապ!!!», «Շտապ!!!!!» «Տարածեք քանի չեն ջնջել!!!!!!!»։ Սա ինքնին դեռ չի խոսում բուն լուրի կեղծ լինելու մասին, սակայն ազդակ է առավել քննադատական մոտեցման համար։
Քլիքբեյթ են համարվում նաև այնպիսի վերնագրերը, որոնցում հեղինակը դիմում է ընթերցողին։ «Տեսեք, թե ինչ պատահեց այն աղջկա հետ, երբ․․․», «Երբեք չեք գուշակի, թե ինչ եղավ հետո․․․» և այլն, «18+» կոմբինացիան կամ «Մուտքը միայն չափահասներին» վերնագրերը ևս ցուցիչ են, որ լրատվականի նպատակն է դիտումների մեծ քանակը, այլ ոչ անկողմնակալ և օբյեկտիվ լրատվությունը։
2016 թվականից Ֆեյսբուք սոցիալական ցանցը քլիքբեյթի դեմ պայքար հայտարարեց։ 3000-ից ավել փորձագետ ամենօրյա ռեժիմով հետևում է հարթակում հայտնված նյութերի վերնագրերին։ Ցավոք մասնագետները դիտարկում են միայն անգլալեզու սեկտորը։
Այստեղ է գործում նաև Stop Clickbait նախաձեռնությունը, որը մեծ աշխատանք է կատարում այդ ուղղությամբ։ Հարթակում գեներացվում են բոլոր տեսակի քլիքբեյթ վերնագրերը, ինչը օգնում է ֆեյսբուքին ավտոմատ կերպով նույնականացնել այդպիսի կայքերին և նվազեցնել վերջիններիս դիտելիությունը։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել