
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Այսօր մամուլում տարածվել էր տեղեկատվություն, որ «Թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել նաև Վարդենիսում։ Տեղի բնակիչները հայտնել են, որ ադրբեջանցիները սարի վրա պոստերը առաջ են տվել 3 կմ, իջել են ներքև՝ դեպի Վերին Շորժա գյուղ, որտեղ գյուղացիների արոտավայրերն են, խոտհարքերը, ամբողջովին հայկական տարածք է»։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սամսոնյանը պաշտոնապես հերքել է թշնամու՝ Վարդենիսի տարածաշրջանի որոշ հատվածներում դիրքերի առաջխաղացումը։ Մասնավորապես հայտարարության մեջ նշված է.
«Գեղարքունիքի մարզում թշնամու առաջխաղացման լուրը չի համապատասխանում իրականությանը։ Մայիսի 12-ին տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե իբր թշնամին Վարդենիսի տարածաշրջանի որոշ հատվածներում դիրքերն առաջ է բերել: Հայտնում ենք, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հակառակորդը այս պահին աշխատանքներ է իրականացնում 2020թ.-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով իր վերահսկողության տակ անցած այն հատվածներում, որտեղ ամիսներ առաջ եղանակային պայմանների պատճառով չէր հասցրել դիրքավորվել: Հակառակորդի դիրքավորման ընթացքում ի հայտ եկած կասկածելի հատվածները ճշգրտվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների կողմից»,- նշված է հայտարարությունում:
Վարդենիս Համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանն իր հերթին հերքել է այն տեղեկությունները, թե թշնամին դիրքերն առաջ է տվել դեպի Վերին Շորժա գյուղ։ Համայնքի ղեկավարը վստահեցրել է, որ իրավիճակը նորմալ է։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել