
IDEF-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվել է QFAB-250 LG բեկորաֆուգասային ավիառումբի առանց մարտական լիցքի նախատիպը, որը ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների կողմից ներկայացվում է որպես «առաջին անգամ ցուցադրվող ադրբեջանական արտադրության ավիառումբ»:
Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ գրեթե նույնությամբ փոխանցել են ադրբեջանական կայքերում հրապարակված տեղեկությունը: Կարևոր է ընդգծել, որ ադրբեջանական կայքերում նշված ավիառումբի մասին տեղեկությունը կիսատ է ներկայացված: Ըստ այդմ` հարկ ենք համարում որոշ լրացուցիչ տեղեկություններ և դիտարկումներ ներկայացնել, ինչը ընթերցողին թույլ կտա լիարժեք պատկերացում ունենալ թեմայի վերաբերյալ:
Կայքերում շեշտադրում է կատարվում այն հանգամանքի վրա, որ խնդրո առարկա նախատիպը «ադրբեջանական արտադրության ավիառումբ է», սակայն, իրականում հիմնական փոփոխությունը՝ ռումբը կառավարելի դարձնելը, կատարվել է թուրքական ընկերության կողմից: Ըստ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության կայքի՝ թուրքական «Ասելսան» ընկերության լազերային ուղղորդող համակարգի տեղադրման արդյունքում համատեղ ստեղծվել է 3 նախատիպ, որոնց փորձարկումները դեռևս չեն սկսվել և որևէ տեղեկություն չկա զանգվածային արտադրության դնելու վերաբերյալ:
Հարկ է նաև նշել, որ տվյալ նախատիպը ամենևին էլ առաջին անգամ չի ցուցադրվում. այն ցուցադրվել է նաև 2018թ. Բաքվում՝ ADEX-2018 ցուցահանդեսի ժամանակ: Առկա են սույն ավիառումբի այլ տարբերակներ ևս, որոնք ցուցադրվել են առնվազն սկսված 2014թ.-ից, սակայն, ըստ բաց աղբյուրների ուսումնասիրության, դրանք նույնպես դեռևս նախատիպի փուլում են, փորձարկումներ չեն անցել և զանգվածային արտադրության չեն դրվել: Ադրբեջանը ADEX-2014 ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել էր QFAB-100SAB ավիառումբը:
Ադրբեջանական կայքերում նաև նշված է, որ «ավիառումբը թիրախները կարող է խոցել 12000 մետրից», ինչը հայկական որոշ կայքերում ներկայացվել է «ավիառումբերը, կախված անկման բարձրությունից, կարող են խոցել մինչև 12000 մ. շառավղում գտնվող թիրախները» ձևակերպմամբ: Սա ևս կարող է որոշակի շփոթություն առաջացնել՝ հաշվի առնելով «խոցել» և «շառավիղ» բառերի համատեղ կիրառման արդյունքում հնարավոր իմաստային շփոթը «խոցման հեռահարության» և «խոցման շառավղի» միջև, ինչպես նաև 12 կմ-ի փոխարեն 12000 մետր գրելու հոգեբանական ազդեցությունը:
Այսպիսով՝ ըստ ադրբեջանական կողմի տվյալների՝ ավիառումբի խոցման հեռահարությունը 12 կմ է: Բացի այդ, սեպտեմբերին ադրբեջանական կայքերը հայտնել էին, որ ռումբի խոցման շառավիղը 10 մետր է: Հարկ է նշել, որ ռումբի խորհրդային/ռուսաստանյան տարբերակի խոցման շառավիղը 30 մ է, իսկ բեկորների խոցման շառավիղը՝ շուրջ 150 մ:
Որպես ամփոփում՝ անհրաժեշտություն ենք համարում նշել, որ, մասնավորապես ադրբեջանական լրատվամիջոցներին հղում անելիս, օգտակար է, թարգմանություն և արտատպում իրականացնելուց զատ, նաև առավել մանրամասն ուսումնասիրել թեմայի մանրամասները և նախապատմությունը, հակառակ դեպքում տվյալ լրատվամիջոցը ռիսկի է դիմում փոխանցելու Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող քարոզչությունը և կիսատ կամ ոչ արժանահավատ տեղեկություններ թեմայի վերաբերյալ:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել