
Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է շաբաթվա ընթացքում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները:
1.Կեղծ օգտատերը՝ «Новые Ведомости»-ի սկզբնաղբյուր. ապատեղեկատվություն՝ ՀՀ վարչապետի առողջական վիճակի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջության մասին մամուլում պարբերաբար շրջանառվում են կեղծ տեղեկություններ։ Տեղեկատվության ստուգման կենտրոնն առիթ ունեցել է հերքելու նմանօրինակ մի հրապարակում՝ ցույց տալով, որ դա պարզունակ սուտ է։
Այս շաբաթ նման հոդված հրապարակվել էր նաև ռուսական «Новые Ведомости» լրատվակայքում։ Ներկայացնելով տարբեր երկրների ղեկավարների առողջական խնդիրների մասին տեղեկատվություն՝ լրատվամիջոցը անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, թե վարչապետի մոտ առկա է «սուր նևրոզ»։ Հղում անելով տելեգրամյան իր աղբյուրին՝ «Мастер пера»-ին, կայքը հայտնել էր, թե «Նիկոլ Փաշինյանին բուժում է Ցոլակ Հակոբյանը՝ Նևրոզների կլինիկայի գլխավոր բժիշկը»։ Այս հրապարկումը տեղ գտավ նաև հայկական մեդիատիրույթում։
Տելեգրամյան ալիքը, որին հղում էր կատարել ռուսական լրատվամիջոցը, իր հերթին տարածել էր Vkontakte սոցիալական ցանցի կեղծ օգտատեր Նիկոլայ Տեր-Ալաբյանի գրառումը։
Տեղեկությանը արձագանքել էր նաև բժիշկ Ցոլակ Հակոբյանը, նշելով, որ Նիկոլ Փաշինյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ անձամբ իրեն կամ իր կլինիկա որևէ հարցով երբևէ չեն դիմել։
2.Մասիսի բժշկական կենտրոնը չի լուծարվում
Հունվարի 30-ին «Ժամանակ» օրաթերթն իր հերթական համարում գրել էր, թե Առողջապահության նախարարությունը ցանկանում է կրճատել քաղաքային համայնքների առողջապահական կենտրոնները: Թերթը, մասնավորապես, նշել էր Մասիս քաղաքի հիվանդանոցի մասին՝ հայտնելով, թե հիվանդանոցը այս տարվա ընթացքում կարող է լուծարվել, և կգործի միայն քաղաքային պոլիկլինիկան:
Առողջապահության նախարարությունը, սակայն, հերքեց այս տեղեկությունը։ Նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ Մասիսի բժշկական կենտրոնի լուծարման որևէ նպատակ չկա: Ավելին, կառավարության կողմից հատկացված միջոցներով ներկայումս մշակվում է նոր բժշկական կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաթեթը:
3.Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման արդյունքում հաշվապահների աշխատավարձերը չեն նվազել
Հունվարի 30-ին լրատվականներում տարածվեց տեղեկություն, թե մանկավարժների աշխատավարձի բարձրացման հետևանքով նվազելու են դպրոցների մյուս աշխատակիցների աշխատավարձերը, մասնավորապես խոսվում էր հաշվապահների մասին։ Նշվում էր, թե հունվարի 1-ից՝ նախկին 120 հազար դրամի փոխարեն, հաշվապահները ստանալու են եռակի անգամ պակաս:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնեցին, որ ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը որևէ կերպ չի առնչվում դպրոցի մյուս աշխատակիցների աշխատավարձին։ Հաշվապահների, կամ այլ՝ ոչ մանկավարժ աշխատակիցների աշխատավարձերը չեն նվազել։ Ավելին, այն աշխատակիցները, որոնց աշխատավարձը «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափաքանակից ցածր է եղել, հունվարի 1-ից ստանում են բարձրացված աշխատավարձ:
4.Ապատեղեկատվություն՝ կորոնավիրուսի վերաբերյալ
Ինչպես հայտնի է՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի մասին հայտնեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Համաճարակը բռնկվել էր 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Այս վիրուսը, մեծացնելով իր աշխարհագրությունը, տարածվել է մի շարք երկրներում՝ հայտնվելով աշխարհի ուշադրության կենտրոնում։
Հայաստանյան լրատվականները ևս հետևում են վիրուսի զարգացմանն ու ամենօրյա ռեժիմով տեղեկություններ հաղորդում։ Տեղեկատվական այս հոսքում մամուլը զերծ չի մնում նաև ապատեղեկատվություններ տարածելուց։
- Լրատվականները գրել էին, թե «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ բարձր ջերմությամբ և կորոնավիրուսի առկայության կասկածանքով: Առողջապահության նախարարությունը հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ պացիենտների մոտ կորոնավիրուսին բնորոշ որևէ կլինիկական ախտանշան չկա`ջերմություն, գլխացավ, ընդհանուր թուլություն, հազ: Ավելին, Հայաստանում այս պահին 99,9 տոկոս հավանականությամբ կորոնավիրուսի որևէ դեպք չկա։
- Մարդիկ մտահոգություններ էին հայտնում նաև այն մասին, թե Հայաստանում հնարավոր չէ ախտորոշել՝ մարդը վարակված է նոր կորոնավիրուսով, թե՝ ոչ։ Այս կապակցությամբ Առաղջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում գործում է հիվանդության ախտորոշման գործիքակազմ։ Համապատասխան հետազոտություններից հետո հստակորեն հնարավոր է ասել, որ տվյալ անձը, օրինակ, վիրուսակիր չէ։ Հետազոտությունների արդյունքում, եթե իհայտ են գալիս ախտանիշներ անձի՝ վիրուսակիր լինելու մասին, դրանք ուղարկվում են լրացուցիչ փորձաքննության։ Թեստերի առկայությունը, իհարկե, արագացնում է գործընթացը։ Նախարարության փոխանցմամբ, դրանց օգնությամբ 2 օրվա ընթացքում հնարավոր է հստակորեն ասել՝ մարդը վարակված է կորոնավիրուսով, թե ոչ։
Իսկ Առողջապահության նախարարար Արսեն Թորոսյանն իր ասուլիսում հայտնել էր՝ քանի որ վիրուսի այս ենթատեսակը նոր է, բնականաբար, լաբարատոր թեստեր չեն եղել, նոր են ստեղծվում, և դա է պատճառը, որ ինչպես այլ երկրներում՝ Հայաստանում ևս դրանց խնդիրն առկա է։ Սակայն Առողջապահության նախարարությունը արդեն համագործակցում է չինական մի կազմակերպության հետ՝ թեստերի ներկրման համար։
5.Սևանում դի չի հայտնաբերվել
Փետրվարի 1-ին մամուլում տարածվեց տեղեկություն, թե իբր Սևանում հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին։ Նշվում էր նաև, թե դեպքը տեղի է ունեցել մի քանի oր առաջ։
Այս տեղեկությունը հերքվեց ՀՀ քննչական կոմիտեի կողմից։
«Սևանում տղամարդու դի հայտանբերվել էր անցյալ տարի՝ աշնանը, որի վերաբերյալ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտարարությամբ հանդես եկել էր»,- ասված էր հաղորդագրության մեջ։ Ինչ վերաբերում է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի մահվան կամ սպանության լուրին՝ ՔԿ-ն հայտնեց, որ նման տեղեկություններ առկա չեն։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել