1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    • 26-01-2020
    Image

    Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է շաբաթվա ընթացքում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները:

     

    1. ԿԳՄՍ նախարարի և նրա տեղակալի գործուղումը ֆինանսավորել է Բրիտանական խորհուրդը

    «Փաստ» օրաթերթի՝ հունվարի 22-ի համարում «Նոր տարում՝ նոր վոյաժներ» վերտառությամբ հոդված էր հրապարակվել, որտեղ խոսվում էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և նրա տեղակալ Արևիկ Անափիոսյանի՝ Լոնդոնում կայացած ֆորումին մասնակցության մասին։ Լրատվամիջոցը մտահոգություն էր հայտնել, թե ինչու՞ են Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցել նախարարության միանգամից երկու ներկայացուցիչներ։ Փոխնախարարի այցը Լոնդոն վերջիններս որակել էին «վոյաժ պետբյուջեի հաշվին»։

     

    Ի պատասխան այս քննադատության՝ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ հունվարի 20-ին Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցելու նպատակով Միացյալ Թագավորություն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի գործուղումները ֆինանսավորել է Բրիտանական խորհուրդը, և ՀՀ պետական բյուջեից այցի համար ծախսեր չեն իրականացվել։ 

     

    «Հարկ ենք համարում հայտնել նաև, որ նախարար Ա․Հարությունյանը Երևանից մեկնել է հունվարի 19-ին և վերադարձել՝ 21-ին, Լոնդոնում նա մնացել է մեկ օր»,- նշված էր հայտարարության մեջ։


    2. Սպանդանոցից տրվող «Ձև 5-ը» չի վաճառվում. ապատեղեկատվություններ՝ նոր օրենքի մասին

    Մի շարք ՀՀ քաղաքացիներ տևական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ դեմ արտահայտվելով խոշոր և մանր եղջերավոր անասունների՝ սպանդանոցային պայմաններում մորթ կատարելու պարտադիր պայմանին։ Նրանց մի մասը կտրականապես հրաժարվում էր օգտվել սպանդանոցների ծառայություններից՝ նախընտրելով սեփական տան բակում կազմակերպել մորթը, մյուս մասը, ընդունելով սննդի անվտանգության բարձրացմանն ուղղված քայլերը, բողոքում էր սպանդանոցների սակավ քանակից և դրանց հեռավորությունից։ 

     

    Նախ պետք է նշել, որ Կառավարության այս որոշումը նոր չէ. այն ընդունվել է դեռևս 2018 թվականի փետրվարի 15-ին։ Սակայն այն ժամանակ սպանդանոցների փոքր քանակը հաշվի առնելով՝ ամբողջությամբ չէր կիրառվում։ Հետևաբար պնդումները, թե այս փոփոխությունը հապճեպորեն է տեղի ունեցել և անասնապահները տեղյակ չեն եղել օրինագծից, չի համապատասխանում իրականությանը։ 

     

    «Ձև 5-ը» տրվում է անվճար

    Լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե ըստ նոր օրենքի` մսի պիտանելիության մասին սպանդանոցից տրվող փաստաթուղթը` «Ձև 5-ը», անասնապահներին տրվում է 12 000 դրամի դիմաց՝ այդ կերպ լցնելով պետական բյուջեն։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այս առիթով հայտնեց, որ սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքը և հումքը Հայաստանի տարածքով փոխադրելու և իրացնելու համար «Ձև 5» անասնաբուժական վկայականը սպանդանոցներին տրամադրվում է անվճար։ Ավելին, «Ձև 5» վկայականի վաճառքն առաջացնելու է քրեական պատասխանատվություն:

     

    Մորթի արժեքը վերահսկվում է  ՍԱՊԾ-ի կողմից. կամայական գներ չեն լինելու

    Մտահոգություններ էին հնչում նաև՝ կապված մորթի արժեքի հետ։ Քաղաքացիները նշում էին, որ կարող են սահմանվել կամայական և բարձր գներ։ Այս առիթով ՍԱՊԾ-ն հայտնեց, որ մորթի արժեքը կազմում է 10 հազար դրամ՝ խոշոր, 3500 դրամ՝ մանր եղջերավորի համար և 5000 դրամ՝ խոզի։ Կարևոր է նշել, որ 3 և ավելի կենդանի մորթելու պարագայում մինչև 30 կիլոմետր հեռավորությունից կենդանիների տեղափոխումը սպանդանոց անվճար է։ Տեղափոխումը կատարվում է սպանդանոցի հատուկ նախատեսված մեքենայով։ Արդեն մորթված միսը ֆերմերին ևս կվերադարձվի առանց հավելյալ գումարի։


     

    Սպանդանոցների քանակը գնալով մեծանում է

    Քաղաքացիների դժգոհությունները մեծամասամբ առնչվում էր սպանդանոցների փոքր թվաքանակին։ ՍԱՊԾ-ից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ այժմ Հանրապետությունում գործում է 39 սպանդանոց, այն դեպքում, երբ օրեր առաջ՝ հունվարի 15-ին, գործում էր 22-ը։ Ավելին, այս պահին ևս 20 սպանդանոց ներքին հարդարման փուլում է, 27-ը՝ նախագծման։ Սա նշանակում է, որ սպանդանոցների թվաքանակը գնալով աճում է։

     

     

    3. Կեղծ լուրեր՝ Արցախի ՊԲ-ում հայտնաբերված երկու դիակների մասին

    Հունվարի 24-ին Shamshyan.com լրատվական կայքը տեղեկություն էր տարածել, թե Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում ողբերգական դեպք է գրանցվել. հայտնաբերվել է 2 զինծառայողի դի: Լուրը լայնորեն տարածվել էր հայկական լրատվամիջոցներում։ 

     

    Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լուրի տարածումից քիչ անց հայտնեց, որ զինծառայողների մահվան մասին տեղեկությունը սուտ է։ Իրականում կան երկու վիրավորներ, որոնցից մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Վերջինիս խոսքերով՝ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ՝ Հենրի-Հայկ Զաքարեանը և Արմեն Մեսրոպյանը:


    4. Տավուշում կործանված ինքնաթիռների մասին լուրերը նույնպես իրական չէին

    Հունվարի 23-ին ֆեյսբուք սոցալական ցանցի հայկական տիրույթում ակտիվորեն քննարկվում էր Ենոքավանի մոտակայքում կործանված քաղաքացիական ինքնաթիռի մասին լուրը: Քիչ անց շրջանառվեց նաև այն վարկածը, թե մարզում խոշոր գազատար է պայթել:


    Այս տեղեկությունները չէին համապատասխանում իրականությանը։ Դրանք հերքվեցին թե՛ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, թե՛ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։ Խնդիրն այն էր, որ տեղի էին ունեցել օդային զորավարժություններ, երեսունից ավելի օդային տեխնիկա էր մասնակցել: Թռիչքները կատարվել էին «Էրեբունի» օդանավակայանից: Թռիչքները եղել էին ոչ միայն Տավուշի, այլև Լոռու մարզում: Հայկ Չոբանյանի խոսքերով՝ Ռուսաստանի ՊՆ-ն այս մասին նախօրոք պաշտոնական տեղեկատվություն էր տրամադրել։


    5. Կեղծ լուրեր՝ «Էրեբունի Պլազայում» կրակոցներ արձակած անձի և Նիկոլ Փաշինյանի փոխկապակցվածության մասին

    Հունվարի 23-ին «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ արդեն հայտնի էր կրակոցներ արձակած և մարդկանց պատանդ վերցրած երիտասարդի անունը (Արթուր Թորոսյան), սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում սկսեցին գրել, որ վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից է։

     

    Ինչպես հայտնի է՝ «Էրեբունի Պլազայում» է տեղակայված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Քննադատների խոսքերով՝ վարչապետի աջակիցը հատուկ էր գնացել այնտեղ՝ վրեժխնդիր լինելու, ինչն էլ հետևանք է Նիկոլ Փաշինյանի կողմից սերմանված ատելության՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ 


    Արթուր Թորոսյանի՝ իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի համակիր լինելու մասին, սակայն, որևէ ապացույց չէր ներկայացվում։ Փոխարենը, ուսումնասրելով երիտասարդի ֆեյսբուքյան էջը, ակնհայտորեն տեսնում ենք, որ վերջինս ոչ թե Ն.Փաշինյանի, այլ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է։ 

     

    Նա դեռևս 2019 թվականի օգոստոսին գրառում էր կատարել՝ հույս հայտնելով, որ Ռ․Քոչարյանը կլինի ազատության մեջ։ Դրանում կարող եք համոզվել՝ ուսումնասիրելով վերջինիս ֆեյսբուքյան էջը։ 
     

    Շաբաթվա ամփոփում Ապատեղեկատվություն Հերքված լուրեր

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14