
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ներկայացնում է շաբաթվա ընթացքում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները:
1. Դիվանագիտական անձնագրերի նոր քանակն ու ԱԳՆ-ի արձագանքը
Շաբաթվա սկզբին լրատվականներից մեկը տեղեկություն էր տարածել, թե հեղափոխությունից հետո նոր իշխանության առաջին քայլերից մեկը 254 քաղաքացու դիվանագիտական անձնագրերի չեղարկումն էր, սակայն հիմա, ըստ լրատվականի, դրանց թիվն ավելին է, քան նախկին իշխանության ժամանակ էր։
«...Փաստորեն, միայն այս երկարաշունչ ցանկը տեսականորեն նկատի առնելով ու գումարելով 19 անձանց, որոնց դիվանագիտական անձնագիր տրվել է Փաշինյանի կողմից, պարզագույն մաթեմատիկան ասում է, որ հիմա Հայաստանում ավելի շատ դիվանագիտական անձնագրեր կան, քան նախկինում»։
Լրատվականը նշել էր նաև, թե դիվանագիտական անձնագրեր ունեցող 500-600 անձանցից մոտ 200-ը միայն ընտանիքի անդամներնեն։
ԱԳՆ-ն հայտնեց, սակայն, որ հեղինակի թվաբանական խառնաշփոթը և եզրակացությունները որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը։ Վարչապետի անհատական թույլտվությամբ շնորհված դիվանագիտական անձնագրերի քանակը 19 է, այսինքն՝ նախկինի համեմատ կրճատվել է 90%-ից ավել։ Վարչապետի որոշումը չի տարածվել հիշյալ անձանց ընտանիքի անդամների վրա, այն վերաբերվում է բացառապես հիշյալ 19 անձանց։ Այս 19-ը անձանցիս բացի, մնացած բոլորը դիվանագիտական անձնագրերը տրամադրվել են ի պաշտոնե՝ օրենքով սահմանված կարգով։
Առավել մանրամասն՝ այստեղ։
2. Ոստիկանությունում՝ Կոտայքի ՋՕԸ-ում դանակահարության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել
Նոյեմբերի 12-ին լրատվական կայքերից մեկը «Մարզպետի թեկնածուի պատճառով դանակահարություն Կոտայքի ՋՕԸ-ում» վերտառությամբ հոդված էր հրապարակել։ Այնտեղ նշվում է, որ դանակահարությունը թաքցնելու համար այն ոստիկանությունում գրանցել են որպես քաշքշուկ։
Ոստիկանությունը, անդրադառնալով տեղեկատվությանը, հայտնել էր, Կոտայք ՋՕԸ-ի գլխավոր էներգետիկի և պոմպակայանի նախկին ղեկավարի միջև տեղի ունեցած միջադեպի առիթով, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել և օրենքով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր։ Իսկ հոդվածում հիշատակված դանակահարության վերաբերյալ ոստիկանությանը տեղեկություն չի փոխանցվել ո՛չ որևէ բուժհաստատությունից, ո՛չ հաղորդում տված անձից, ինչպես և դանակահարության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել՝ նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով։
3. Կոտայքի մարզպետարանը հերքում է Ռոմանոս Պետրոսյանի առնչությունը Կոտայքի ՋՈԸ-ում տեղի ունեցած միջադեպին
Վերոհիշյալ միջադեպով մամուլում շրջանառվեց այլ տեղեկատվություն ևս։ Նյութում ասվում էր, թե Կոտայք ՋՕԸ-ի նոր պետը Ռոմանոս Պետրոսյանի ազգականն է և, որ վերջինս իր թեկնածուին է ցանկացել նշանակել որպես ջրօգտագործողների ընկերության պետի պաշտոնակատար։ Ըստ լրատվականի՝ գյուղացիները դիմադրել են, ինչի արդյունքում էլ ծեծկռտուք է սկսվել»։
Կոտայքի մարզպետարանը հերքեց այս տեղեկությունները՝ նշելով, հրապարակման մեջ ներկայացված քաղաքացի Գուրգեն Օսիպյանը ոչ թե Կոտայք ՋՕԸ-ի նոր պետն է, այլ Կոտայք ՋՕԸ-ի՝ Նաիրիի տեղամասի պետի տեղակալը ևս որևէ ազգակցական-բարեկամական կապ չունի մարզպետի հետ: Այդ պաշտոնում վերջինս նշանակվել է դեռևս մեկ տարի առաջ՝ Կոտայք ՋՕԸ-ի գործող տնօրենի կողմից:
Նշվում էր, որ միջադեպը, որի մասին նշվում է հրապարակման մեջ, որևէ առնչություն չի ունեցել Կոտայք ՋՕԸ-ի պետի ընտրության հետ: Դեպքը գրանցվել է Նոր Գեղիի մի քանի բնակիչների և ՋՕԸ-ի տեղամասի իրավասու ներկայացուցիչների միջև՝ կապված վերջիններիս մասնագիտական գործունեության հետ:
Իսկ նյութում տեղ գտած լուսանկարները, որոնք հրապարակվել էին հոդվածում՝ իբրև միջադեպի հետ կապված՝ մարզպետի հրավիրած խորհրդակցությունից կադր, իրականում եղել են Աբովյանի գրասենյակում հերթական աշխատանքային հանդիպման ընթացքում արված կադրեր, իսկ նման աշխատանքային հանդիպումներ լինում են շաբաթվա մեջ մի քանի անգամ:
4. Սխալ տեղեկություններ՝ Գևորգ Գորգիսյանի՝ ԿԳՄՍ 2020թ. բյուջետային հատկացումների վերաբերյալ հայտարարությունում
Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր ելույթում հայտնել էր, թե 2020 թ․պետական բյուջեի նախագծում ներառված չէ «Հայագիտության ոլորտում գիտական կադրերի պատրաստման գծով նպաստների տրամադրում» և «Արտասահմանյան համալսարաններում հայոց լեզվի դասավանդման կազմակերպում» կետերով նախատեսված ֆինանսավորումը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնեց, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Նախարարությունը մասնավորապես նշել էր, որ ծրագրային բյուջետավորման շրջանակում վերոնշյալ միջոցառումները 2020թ․ պետական բյուջեի նախագծում ներկայացվել են «Օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդում» ծրագրով, որի համար նախատեսվել է ավելի քան 48 մլն դրամ։ Այսպիսով, 2019թ․ բյուջեի հետ համեմատ` ֆինանսավորումը կրկնակի ավելացել է (24 մլն դրամ՝ 2019թ․համար)։
Բացի ֆինանսավորման կրկնակի ավելացումից, գոյություն ունեցող համալսարանններից բացի (Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարան, Պրահայի Կարլի համալսարան, Բուխարեստի պետական համալսարան, Զալցբուրգի համալսարան)` ծրագիրն իրականացվելու է նաև Կահիրեի համալսարանում, որը նախկինում ընդգրկված չի եղել։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել