
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ներկայացնում է այս շաբաթվա ընթացքում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները:
1. Ինտերնետ ծառայություններ մատուցող անձինք կոնտենտի պահպանման որևէ իրավասություն չունեն
Շաբաթվա մեկնարկին շարունակվում էին քննարկումները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջարկած նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է ինտերնետ հասանելիության ծառայությունների վերաբերյալ արխիվների պահպանման ստանդարտներ սահմանել։
Թեմայի առնչությամբ հնչում էին իրականությանը չհամապատասխանող մի շարք մտահոգություններ, այդ թվում՝ ինտերնետից օգտվելու ազատության սահմանափակման, դրա բովանդակության (կոնտենտի) և բաժանորդների անձնական տվյալների բացահայտման, նախագծի ոչ թափանցիկ՝ «ծածուկ» քննարկումների վերաբերյալ:
Նշենք, որ թափանցիկության մասին առիթ ունեցել ենք հայտնելու դեռ նախորդ շաբաթ, երբ ՀԾԿՀ-ն խոսեց նախագծի՝ նախնական լինելու մասին։ Այդ ժամանակ որոշման նախագիծը ուղարկվել էր բջջային կապի օպերատորների դիտարկմանը, և միայն վերջիններիս կարծիքները ստանալուց հետո այն պետք է դրվեր «e-draft.am» կայքում՝ հանրային լայն լսումների։
Այս քննադատությունները զուգորդվում էին մեղադրանքով, թե ՀԾԿՀ-ն որոշել է այս ճանապարհով ծածուկ վերահսկողություն իրականացնել մարդկանց նկատմամբ։
Մինչդեռ կառույցը հայտնեց, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր օպերատոր և ծառայություններ մատուցող պարտավոր է իր հաճախորդների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, նպատակակետի, քանակի, տեխնիկական պայմանների և հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները համարել և պահել գաղտնի: Նշված տեղեկությունները կարող են բացահայտվել բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով (49-րդ հոդված): Իսկ ներկայացրած նախագիծը մշակվել է օրենքով հանձնաժողովին վերապահված իրավասության շրջանակում, այն է՝ ընդունել կարգավորման ենթակա անձանց համար արխիվների պահպանման ստանդարտներ, սահմանել հանրային կամ ազգային անվտանգության շահերից բխող հատուկ կանոններ և կարգեր (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ)։
Տարընկալումներից խուսափելու նպատակով՝ կառույցից նշել էին նաև, որ ինտերնետ ծառայություններ մատուցող անձինք ինտերնետային բովանդակության (կոնտենտի) պահպանման որևէ իրավասություն չունեն, ավելին, օրենքով հանձնաժողովին վերապահված չէ կոնտենտի հետ կապված որևէ կարգավորիչ գործառույթ (այդ թվում՝ վերահսկում, խմբագրում, պահպանում)։
2. Մաշտոցի բաժին բերման ենթարկված տղամարդը հայհոյանքներ էր հնչեցրել ոստիկանության ծառայողի հասցեին
Հոկտեմբերի 21-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ ոստիկանության ծառայողները մի տղամարդու բերման են ենթարկում Մաշտոցի բաժին։ Սոցիալական ցանցերի տիրույթի տեսանյութը շատ արագ հայտնվեց մի շարք լրատվամիջոցներում։ Շատերի համար անհասկանալի էր քաղաքացուն բերման ենթարկելու՝ Ոստիկանության դրդապատճառը։
Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հայտնեց, որ հիշյալ անձը, նախքան բերման ենթարկվելը, խանութում գտնվող անձանց ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության ծառայողի հասցեին։ Վերջինս օրինական պահանջ է ներկայացրել քաղաքացուն՝ դադարեցնել անօրինական վարքագիծը, սակայն տղամարդը չի ենթարկվել ոստիկանի պահանջին, շարունակել է իր հակահասարակական գործողությունները և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանություն, ապա՝ ձերբակալվել։
Ձերբակալված անձի վերաբերյալ ոստիկանությունը նաև հայտնել էր, որ առաջին անգամը չէ, որ վերջինս խուլիգանության կասկածանքով բերման է ենթարկվել: 2019 թվականի ամռանը նրա մասնակցությամբ ավտովթար էր տեղի ունեցել։ Վթարի վայր էին ժամանել շտապ օգնության խումբ և ճանապարհային ոստիկաններ։ Տղամարդը քաշքշել էր շտապ օգնության և ճանապարհային ոստիկանության աշխատակացիներին, հասարակական վայրում նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, ինչը շարունակվել էր նաև բուժհաստատությունում։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նրան դարձյալ բերման էին ենթարկել բաժին։ Խուլիգանության հատկանիշներով նրա դեմ քրեական գործ էր հարուցվել, 1973թ-ին ծնված տղամարդը ձերբակալվել էր, ապա նրան մեղադրանք էր առաջադրվել, խափանման միջոցը՝ ստորագրություն։
Նշենք, որ այժմ որոշում է կայացվել նշված քրեական գործերը միացնելու, և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:
3. Քննչական կոմիտեի 5-ամյակին նվիրված խնջույքին վիճաբանություն տեղի չէր ունեցել
«Փաստ» օրաթերթի՝ հոկտեմբերի 23-ի համարում «Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ» վերտառությամբ հոդված էր հրապարակվել, որտեղ նշվում էր, թե խնջույքի ժամանակ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը սկսել է վիրավորանքներ հնչեցնել աշխատակիցների հասցեին, նրանց սպառնացել՝ հեռացնել աշխատանքից, ինչի հետևանքով Ռուսաստանի և Բելառուսի գործընկերները հեռացել են և երեկոն շարունակել Բյուրեղավանում՝ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին պատկանող ամառանոցում։
ՀՀ հատուկ քննչական կոմիտեն, արձագանքելով այս լուրին, հայտնեց, որ հոկտեմբերի 8-ին Քննչական կոմիտեի 5-ամյակին նվիրված խնջույքը տեղի է ունեցել «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որին մասնակցել են նաև Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները, սակայն դրա ժամանակ որևէ վիրավորական արտահայտություն ՔԿ որևէ ծառայողի, ոչ էլ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հասցեին չի հնչել:
«Նշենք, որ խնջույքին ՀՀ վարչապետի արարողակարգից որևէ անձ չի մասնակցել, հետևաբար նյութում տեղ գտած տեղեկատվությունը, թե ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը կոնֆլիկտ է ունեցել նրանց հետ, հորինվածք է»,- նշել էին ՔԿ-ից։
Անդրադառնալով Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների՝ խնջույքից հեռանալու մասին լուրին, կառույցից հայտնեցին, որ երկու գերատեսչության ղեկավարները միջոցառմանը մասնակցել են մինչև դրա ավարտը, այնուհետև գիշերել են «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում, ինչը հնարավոր է ճշտել նաև հիշյալ հյուրանոցից:
4. Արա Բաբլոյանի հարցաքննությունն ու դրա շուրջ պտտվող մանիպուլյացիաները
Հոկտեմբերի 23-ին մամուլում հայտնվեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հարցազրույցը, որտեղ, անդրադառնալով Հատուկ քննչական ծառայությունում ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում իրեն՝ որպես կասկածյալ ներգրավելու հանգամանքին, Բաբլոյանը ասել էր՝ «Ինձ երեկ վիրահատությունից հանել են, տարել են հարցաքննության, որից հետո նորից հետ եմ եկել ու շարունակել վիրահատությունը»։
Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, անդրադառնալով տարածված տեղեկությանը, հայտնեց, որ Արա Բաբլոյանը հարցաքննության ներկայացել է իր իսկ նախընտրած ժամին։
«Նա հրավիրվել էր առավոտյան, սակայն հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, հարցաքննության ժամը փոխվել է և Արա Բաբլոյանը ներկայացել է իր իսկ նախընտրած ժամին՝ 16։00֊ին»։
Մարինա Օհանջանյանը հավելեց նաև, որ հարցաքննությունը ևս նրա խնդրանքով է ընդհատվել՝ հաջորդ օրը ներկայանալու պայմանով։
Նույն հարցազրույցում ԱԺ նախկին նախագահը հայտնել էր նաև, որ ինքը խախտում է թույլ տվել՝ աջակցելով Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը. «Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում: Ես օֆիցիալ հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել։ Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»։
Լրատվամիջոցների կողմից այս հայտարարությունը որակվեց «սկանդալային»։ 168.am-ն անգամ գրել էր, որ Բաբլոյանի խոսքերը կարելի է մեկնաբանել՝ որպես Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը զավթելու, և իր կողմից՝ որպես ԱԺ նախագահ, դրան աջակցելու քայլ։
Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արա Բաբլոյանը փաստաբանի հետ իրավաբանական խորհրդակցությունից հետո փոխել է կարծիքը։ Քննիչի կողմից ուղղված հարցադրումներին ի պատասխան նա նշել է հետևյալը.
«Ճիշտն ասած, ի նկատի եմ ունեցել այն, որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետի պաշտոնում և պատգամավորական մանդատից հրաժարական չի ներկայացրել: Եթե ենթադրենք՝ Հրայր Թովմասյանի դեպքում խախտում էի թույլ տվել այն մասով, որ նա պատգամավորական մանդատից հրաժարական չէր ներկայացրել, սակայն արձանագրել էի նրա պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու հանգամանքը, ապա նույն խախտումը ենթադրաբար թույլ էի տվել նաև Նիկոլ Փաշինյանի դեպքում:
Սակայն փաստաբանիս հետ իրավաբանական խորհրդակցությունից հետո հասկացա, որ նման պայմաններում պետական մարմնում պաշտոնի նշանակվելուց հետո պատգամավորի լիազորությունները, ՀՀ Սահմանադրության 2015 փոփոխությունների 95-րդ հոդվածի համաձայն, ինքնաբերաբար, իրավունքի ուժով դադարում են: Իմ կողմից տրված հարցազրույցի մասով ավելացնելու այլ բան չունեմ»:
5. Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի վրա համաներման ակտը չի գործում
Հոկտեմբերի 21-ին ՀՔԾ-ն հայտնեց, որ ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Մի շարք անձինք՝ իրավապաշտպաններ, սահմանադրագետներ, քաղաքական գործիչներ այս որոշումը անվանեցին ապօրինի։ Վերջիններիս կարծիքով՝ գործընթացը հակասում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքին, քանի որ այն տարածվում է նաև Բաբայանին ներկայացված մեղադրանքի հոդվածի վրա։
Ըստ հիշյալ օրենքի՝ «քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարված հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան 4 տարի ժամկետով ազատազրկում»:
Արսեն Բաբայանին ներկայացված մեղադրանքներից մեկը՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կատարված կեղծիքը (ՔՕ-ի 314 հոդված), իսկապես պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի։
Սակայն, պաշտոնեական կեղծիք կատարելուն զուգահեռ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել նաև իշխանության յուրացմանը օժանդակելու՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1 մասով, ինչը ենթադրում է պատիժ՝ 10-15 տարի ժամկետով։
6. «Գյումրու տուն-ինտերնատը» չի լուծարվելու. մատուցվող ծառայություններն արտապատվիրակվելու են բարեգործական կազմակերպության
Հոկտեմբերի 18-ին «asparez.am»-ը, հղում անելով «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, նշել էր, որ իմանալով կառույցի լուծարման մասին՝ վերջիններս հացադուլ են սկսել։ Այս լուրը հետագայում տարածվեց լրատվականներում և սոցցանցերում՝ ստանալով «տարեց խնամակալները դուրս են հանվելու խնամքի տնից» մեկնաբանությունը։
Խնդրի վերաբերյալ խոսեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հայտնելով, որ տարածված այդ լուրը մանիպուլյացիա է և չի համապատասխանում իրականությանը:
««Գյումրու տուն-ինտերնատում» մատուցվող ծառայություններն արտապատվիրակվելու են բարեգործական կազմակերպության: Սա նշանակում է նույն տեղում, նույն մարդկանց համար խնամք կազմակերպել՝ ներգրավելով նաև նոր ներդրումներ»:
Զարուհի Բաթոյանը հայտնել էր նաև, որ ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ նախապես հանդիպման ժամանակ փոխնախարարը տեղեկացրել էր, որ ընտրված կազմակերպության համար պայման կսահմանվի, որ աշխատակազմ ընտրելիս՝ առաջնահերթություն տան ՊՈԱԿ-ի աշխատակիցներին:
7. Բողոքի նոտայի մասին РИА "Новости"-ի տարածած տեղեկությունը հերքվեց ռուսական պետական լրատվամիջոցի կողմից
Շաբաթվա ընթացքում լայն արձագանք ստացած մյուս թեման ռուսական РИА "Новости" լրատվական գործակալության հոդվածն էր, որում նշված էր, թե Ռուսաստանը բողոքի նոտա կուղղի Հայաստանին` զենքի մատակարարման տենդերը ձախողելու համար։ Այս մասին գործակալությունը տեղեկացել էր՝ շնորհիվ խմբագրության տրամադրության տակ հայտնված փաստաթղթի։
Բողոքի՝ հնարավոր նոտայի մասին փաստաթուղթ չէին ստացել ո՛չ ՀՀ ԱԳՆ-ն, ո՛չ ՊՆ-ն և ոչ էլ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։ Վերջիններս չմեկնաբանեցին լուրը՝ նմանօրինակ ինֆորմացիայի բացակայության պատճառով։
Armradio.am-ում հրապարակված հոդվածում (որն այժմ հեռացվել է), սակայն, լրագրողը նշել էր, որ իր հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր ՌԴ-ից բողոքի նոտայի ստացումը, սակայն նախարարությունը դեռ չի որոշել՝ ինչպես պատասխանել։
Կարճ ժամանակ անց Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում կատարեց, որում հերքում էր իրեն վերագրված խոսքերը և կրկին հաստատում, որ գերատեսչությունը բողոքի նոտա չի ստացել։
Իսկ ավելի ուշ շրջանառության դրվեց ТАСС պետական լրատվական գործակալության հոդվածը, որում նշվում էր, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին բողոքի նոտա հղելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել