
Այսօր թերթերից մեկը «Հատուկ Վալերիյ Օսիպյանի համար նոր պաշտոն ստեղծեցին» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նշվում է, թե Ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանի համար մինչ այս գոյություն չունեցող պաշտոն է ստեղծվել։
«․․․եթե մինչ օրս նշանակվածները վարչապետի շարքային խորհրդականներ են, հատուկ նրա համար ստեղծվեց գլխավոր խորհրդականի պաշտոնը», - նշված է հոդվածում։
Նկատենք, սակայն, որ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը նոր ստեղծված չէ, այն սահմանված է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետով՝ որպես հայեցողական պաշտոն։
Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին նշանակելով՝ Նիկոլ Փաշինյանը առաջնորդվել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, որում ասված է՝ «Պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակում և ազատում է այն պետական մարմնի ղեկավարը կամ ենթակա պետական մարմնի ղեկավարը, որտեղ նրանք լինելու են աշխատանքային հարաբերությունների մեջ, բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված դեպքերի»:
Մինչ այս վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր Արսեն Գասպարյանը։
Նկատենք, որ Հանրային ծառայության մասին» գործող օրենքը ընդունվել է 2018 թվականի մարտի 23-ին, մինչ այդ գործող օրենքով վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոն նախատեսված չի եղել։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել