
Ձեզ ենք ներկայացնում վերջին օրերի ընթացքում ՀՀ կառավարության գործունեությանն առնչվող խնդրահարույց և կեղծ տեղեկությունների հերքումներն ու պարզաբանումները։
Դիտորդությունը Արցախում. Ինչո՞ւ նախապատվությունը տրվեց ԻՔՄ-ին և ԹԻԱՀԿ-ին
Կառավարության՝ օգոստոսի 22-ին կայացած նիստում որոշում կայացվեց դրամաշնորհային պայմանագրի հիման վրա գումար հատկացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին՝ Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։
Այս որոշումը քննարկումների և քննադատությունների առարկա դարձավ թե՛ լրատվամիջոցների, թե՛ սոցիալական ցանցերի մի շարք օգտատերերի համար։ Մտահոգություն առաջացնող գլխավոր հարցն այն էր, թե ինչո՞ւ է Կառավարությունը որոշել հենց այս երկու կազմակերպություններին վստահել ընտրությունների դիտարկումը։
Ի պատասխան այս հարցադրման՝ հարկ է նշել, որ կազմակերպությունների ընտրության ժամանակ հաշվի են առնվել վերջիններիս դիտորդական առաքելությունների կազմակերպման երկար տարիների փորձը, որը հանգուցային դեր է զբաղեցրել առնվազն երկու համապետական ընտրությունների դիտորդական առաքելություններում և առնվազն չորս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։
Հաշվի է առնվել այն, որ կազմակերպությունների կանոնադրական նպատակներից է ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացումը, դրանց որևէ կուսակցության կամ քաղաքական հոսքի չսատարումը, կազմակերպությունների ղեկավար մարմինների որևէ կուսակցության անդամ չլինելը, ՀԿ-ների՝ այլ պետություններում առնվազն երկու տարբեր համապետական ընտրություններում իրականացրած դիտորդությունը, վերջիններիս մոտ դիտորդական առաքելություն իրականացնելու մեթոդաբանության առկայությունը, ընտրական օրենսդրության բարեփոխման ուղղությամբ առաջարկությունների ներկայացման փաստը, դիտորդական առաքելությունների իրականացման գործում այլ ՀԿ-ների հետ համագործակցությունը։
Երկու այս կազմակերպությունների ընտրության համար հիմք է հանդիսացել նաև վերջիններիս ցանկությունը՝ Արցախի Հանրապետությունում բացելու մասնաճյուղեր։
Մեդիադաշտում հայտնված հաջորդ հարցադրումն այն էր, թե ինչու է ՀԿ-ներին նախատեսվում հատկացնել 33 668 000 դրամ դրամաշնորհ այն դեպքում, երբ նրանք տարբեր միջազգային կառույցների կողմից արդեն իսկ ֆինանսավորվում են։
Հարկ է նշել, որ միջազգային կազմակերպություններից տրվող ֆինանսական միջոցներով այս ՀԿ-ներն իրավասու չեն չճանաչված հանրապետություններում նմանօրինակ առաքելություններ իրականացնել։ Այն դրամաշնորհները, որոնք տրված են ՀԿ-ներին, նախատեսված են տարբեր այլ ծրագրերի համար, և կազմակերպությունները չեն կարող դրանք կիրառել ըստ նախասիրության։
Մեդիադաշտում տարածվել էր նաև այն տեսակետը, թե ՀՀ կառավարությունը որոշել է հենց այս կազմակերպություններին վստահել դիտորդական առաքելության իրականացումը, որպեսզի վերջիններս պաշտպանեն վարչապետի Ամուլսարի շահագործման համար տարվող «պայքարում» և հակադիր տեսակետներ չարտահայտեն։
Ի պատասխան այս մեղադրանքների՝ հարկ է պարզապես նշել, որ «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» արդեն իսկ հասցրել է մի քանի առիթներով իր դժգոհությունը հայտնել «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը՝ Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու որոշման վերաբերյալ։
12-ամյա կրթությունը չի չեղարկվի. շրջանառվում էր մեկ տարվա հնության կեղծ լուր
Օգոստոսի 26-ին մամուլում հայտնվեցին լուրեր այն մասին, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստվում է վերջ տալ 12-ամյա կրթական համակարգին։ Նշվում էր, թե լրագրողների հետ զրույցում նախարարը հայտարարել է, որ 12-ամյա կրթական համակարգը հնարավոր է առաջիկայում չեղարկվի, քանի որ այն չի արդարացրել իրեն:
ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը այս առիթով նշեց, որ հիշյալ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությունը. 12-ամյա կրթական համակարգը չի չեղակվելու, իսկ հարցազրույցից բերված մեջբերումները հորինված են։
Հարկ է փաստել նաև, որ նույնաբովանդակ նյութ մամուլում հայտնվել էր նաև նախորդ տարի։ Լրատվականները, փաստորեն, մեկ տարվա հնության լուրը, որն իսկզբանե սուտ է եղել, կրկին դրել էին շրջանառության մեջ։
Կեղծ տեղեկություններ՝ վարչապետի՝ Լեհաստանում կայանալիք տնտեսական ֆորումին չմասնակցելու վերաբերյալ
Օգոստոսի 26-ին մամուլում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-4-ը մասնակցելու է Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին։ Նման ինֆորմացիայի տարածման առիթ էր հանդիսացել տնտեսական համաժողովի կայքէջում հայտնված հայատարարությունը (արդեն հեռացվել է), որտեղ նշված էր, որ ՀՀ վարչապետը լինելու է համաժողովի կարևոր հյուրերից մեկը։
Իրականում, սակայն, Հայաստանը չի հաստատել Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այս առիթով հայտնեց, որ տարբեր երկրների թվում համաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետին, սակայն Հայաստանը չի հաստատել վարչապետի մասնակցությունը և լեհական կողմն այդ մասին տեղեկացված է եղել։
Վլադիմիր Կարապետյանի և ԱԳՆ-ի հայտարարությունների միջև հակասություններ չեն եղել
Վերոնշյալ տնտեսական համաժողովին՝ վարչապետի մասնակցության մերժմանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էին նաև Նիկոլ Փաշինյանի մաուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ու ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Վերգետնյա ԶԼՄ-ներից մեկը, համադրելով երկու պաշտոնյաների խոսքերը, հակասություն էր գտել դրանց միջև։ Մանավորապես նշվում էր՝ «Վարչապետի մամուլի խոսնակն ասել էր, թե հրավեր չի էլ եղել, սակայն արտգործնախարարությունում ասում են, որ հրավեր, այնուամենայնիվ, եղել է»։
Մինչդեռ վերջիններս խոսել էին բոլորովին տարբեր միջոցառումների մասին։
ԱԳ նախարարը, լրագրողների հետ զրույցում, անդրադարձել էր Լեհաստանում կայանալիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին՝ կրկին հաստատելով, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է չմասնակցել միջոցառմանը, մինչդեռ Վլադիմիր Կարապետյանի խոսքը վերաբերում էր նույն շրջանում Լեհաստանում կայանալիք մեկ այլ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որին, այո, վարչապետը մասնակցության հրավեր չի ստացել։ Հետևաբար պնդումը, թե ԱԳ նախարարի և վարչապետի խոսնակի խոսքերը հակասում են իրար, չի համապատասխանում իրականությանը, քանի որ վերջիններս խոսել են տարբեր միջոցառումների մասին։
Նիկոլ Փաշինյանի հրապարակած մեկնաբանության հեղինակը կեղծ օգտատեր չէր
Օգոստոսի 29-ին լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր հոդված, որտեղ պնդում էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ իր Ֆեյսբուքյան էջում տեղադրված շնորհակալական մեկնաբանության հեղինակը կեղծ օգտատեր է, որը զբաղվում է իշխանության գովերգմամբ։
Հիշեցնենք, որ Վարչապետը օգոստոսի 29-ին հրապարակել էր Մարիամ Ավետիսյան անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ մեկնաբանությունը։ Այնտեղ օգտատերը նշում էր, որ ունի խմորեղենի փոքրիկ արտադրություն, որի աշխատանքներն աշխուժացել են հեղափոխությունից հետո, ինչի համար շնորհակալություն է հայտնում վարչապետին։
Լրատվամիջոցը, ուսումնասիրելով օգտատիրոջ ֆեյսբուքյան էջը, եզրակացրել է, որ այն կեղծ է և զբաղվում է բացառապես Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի գովերգմամբ։
FIP.am-ը, սակայն, կապ էր հաստատել օգտատիրոջ հետ և բացահայտել, որ այն ամենևին էլ կեղծ չէ։ Լրատվամիջոցը հրապարակել էր օգտատիրոջ անձնական լուսանկարները, անձը հաստատող վկայական, ինչպես նաև խմորեղենի խանութի հասցեն և ֆեսբուքյան էջը։ Առավել մանրամասն՝ այստեղ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել